Բալիում 42 հազար մարդ են տարահանել հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով
Ինդոնեզիայի Բալի կղզում ավելի քան 42 հազար մարդ են տարահանել իրենց տներից Ագունթ հրաբխի աճած ակտիվության պատճառով: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի BBC հեռուստառադիոկորպորացիան՝ վկայակոչելով Կարմիր խաչը։
Սեպտեմբերի 22-ին իշխանությունները 12-կիլոմետրանոց արգելագոտի էին սահմանել հրաբխի շուրջը: Սակայն այդ սահմանափակումները չեն վերաբերել զբոսաշրջության շրջաններին, իսկ ավիաչվերթերն իրականացվում են սովորական ռեժիմով:
Սեպտեմբերի 24-ին Ինդոնեզիայի Հրաբխային ակտիվության հետազոտման ազգային կենտրոնը հայտարարել է, որ «հրաբխի սեյսմիկ ակտիվությունն աճում է, եւ կարող է ժայթքում տեղի ունենալ»:
Հազարավոր տարահանածների տեղավորել են ժամանակավոր ապաստարաններում, որոնք հարմարեցվել են տեղական դպրոցներում եւ քաղաքապետարաններում: 1963 թվականին Ագունթի վերջին ժայթքման հետեւանքով զոհվել է ավելի քան հազար մարդ, հաղորդել է «Ինտերաֆաքս»-ը: