Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն և Հորդանանը տնտեսական համագործակցության նոր էջ են բացում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հորդանանի Թագավորության կառավարության միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել ԵԱՏՀ-ի կոլեգիայի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի եւ Հորդանանի արդյունաբերության, առեւտրի ու մատակարարումների նախարար Յարուբ Քուդայի միջեւ սեպտեմբերի 20-ին Ամմանում կայացած հանդիպման ընթացքում: Այս միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանում ԵԱՏՄ-ի երկրների դեսպանությունների ներկայացուցիչները:

Հորդանանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարը ԵԱՏՀ-ի հետ հուշագրի ստորագրումը երկար սպասված իրադարձություն է համարել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ իր երկրի հարաբերությունների պատմության մեջ: «ԵԱՏՀ-ի հետ հուշագրի տեսքով հովանի չունենալով անհնարին է առաջ շարժվել Եվրասիական տնտեսական միությունից մեր գործընկերների հետ համագործակցության զարգացման ճանապարհով: Սա մեր առաջին շրջանակային փաստաթուղթն է Հորդանան-ԵԱՏՄ ձեւաչափով, որով մենք հիմք դրեցինք համագործակցության նոր փուլի համար: Այժմ մենք պարզորոշ հասկանում ենք՝ ինչ է ԵԱՏՄ-ն եւ ինչպես աշխատել նրա հետ»,-հայտարարել է Յարուբ Քուդան:

Հորդանանի նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ոչ միայն ավելացնել ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ, այլեւ քննարկել տնտեսական ինտեգրման խորացման, նոր համատեղ արտադրությունների գործարկման հնարավորությունները:

Իր հերթին Տատյանա Վալովայան հայտարարել է, որ «Եվրասիական տնտեսական միության ստեղծման բուն փաստը, արտաքին գործընկերների լայն շրջանակի կողմից մեր նախագծի նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը եւ միջազգային ասպարեզում մեր հաջող աշխատանքը՝ այս ամենն իրական է դարձնում աշխարհում տնտեսական գործընկերությունների նոր շղթաների հայտնվելը»:

Հուշագրի իրացման նպատակով ստեղծվում է ԵԱՏՀ-ի եւ Հորդանանի կառավարության փոխգործակցության աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն Հանձնաժողովի, Հորդանանի եւ անդամ պետությունների ազգային տնտեսական գերատեսչությունների եւ գործարար շրջանների ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի առաջին նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականի մայիսին Մոսկվայում՝ Պետերբուրգի տնտեսական համաժողովի նախաշեմին, որին Տատյանա Վալովայան մասնակցելու է հրավիրել հորդանանցի գործընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս