Իրաքյան Քրդստանի ղեկավարը քվեարկել է անկախության հանրաքվեում
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին սեպտեմբերի 25-ին քվեարկել է Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեում: Այդ մասին հայտնել է Rudau հեռուստաալիքը։
Առկա տեղեկատվության համաձայն՝ առաջիններից մեկը քվեարկության համար տեղամաս է եկել նաեւ Քիրկուկի նահանգապետ Նաջըմ ադ Դին Քարիմը, որի պաշտոնանկության օգտին քվեարկել է Իրաքի խորհրդարանը:
Նավթով հարուստ այդ հյուսիսային անհանգը չի մտնում Իրաքյան Քրդստանի կազմի մեջ, բայց փաստորեն վերահսկվում է քրդական ռազմականացված կազմավորումների՝ «փեշմերգա»-ի կողմից: Քվեարկության համար տեղամասերը երկուշաբթի առավոտյան բացվել են Էրբիլի, Սուլեյմանիայի, Դահուկի նահանգներում, որոնք մտնում են Իրաքյան
Քրդստանի կազմի մեջ, եւ Քիրկուկի, Նայնավայի եւ Դիյալայի վիճելի տարածքներում: Քվեարկության ընթացքին հետեւում են 400-ից ավելի միջազգային դիտորդներ, հանրահարցումը լուսաբանում են շուրջ 600 լրագրողներ, որոնց մեկ երրորդը օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են:
Ընդհանուր առմամբ անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել Է 5,2 մլն մարդ, նրանք պետք է «այո» կամ «ոչ» պատասխանեն հարցին՝ «Դուք ցանկանում եք արդյոք, որ Քրդստան տարածաշրջանը եւ նրա սահմաններից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն»:
Հանրահարցման արդյունքները հայտնի կդառնան տեղամասերի աշխատանքի ավարտից հետո մեկ օրվա ընթացքում:
Հանրաքվեի անցկացմանը դեմ են Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին:
Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Միացյալ Նահանգներում եւ մի շարք եվրոպական երկրներում, քանի որ այն խարխլում է ջանքերը ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: