Քրդերի հռչակած Հյուսիսային Սիրիայի Դաշնությունում սկսվել են ընտրությունները
Սիրիացի քրդերի կողմից հռչակված Հյուսիսային Սիրիայի Դեմոկրատական Դաշնությունում (Ռոժավա) սեպտեմբերի 22-ին առաջին անգամ անցկացվում են մունիցիպալ ընտրություններ:
Մրդական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Հյուսիսային Սիրիայի քաղաքների ու տարածաշրջանների ընտրատեղամասերը բացվել են սեպտեմբերի 22-ի առավոտյան, եւ Ռոժավայի հազարավոր քաղաքացիներ գնացել են քվեարկելու կոմունաների համանախագահների ընտրություններում: Ընդհանուր առմամբ ավելի քան 12 հազար թեկնածուներ են հավակնում 3,7 հազար կոմունաների համանախագահների պաշտոնին, նշում են տեղական ԶԼՄ-ները:
Սիրիացի քրդերը երեք տարածաշրջաններից կամ կանտոններից (Ջազիրայի, Եփրատի եւ Աֆրինի) բաղկացած Հյուսիսային Սիրիայի Դաշնությունը հռչակել են 2016 թվականի մարտին: Դամասկոսը չի ճանաչել քրդական տարածաշրջանի ստեղծումը: Ներկայիս ընտրությունները միայն առաջինն են այն երեք փուլերից, որոնց արդյունքում պետք է ձեւավորվեն Սիրիայում քրդական բոլոր տարածքների օրենսդիր եւ գործադիր վարչակազմերը:
Այսպես, նոյեմբերի 3-ին սիրիական Քրդստանում կայանալու են տեղական վարչակազմերի՝ գյուղական, քաղաքային, մարզային եւ շրջանային խորհուրդների ընտրությունները: Իսկ 2018 թվականի հունվարի 19-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: