Պատգամավորները չեն կարողանա ցանկացած պահի տեսակցել ձերբակալվածներին ու կալանավորներին
Եթե քննիչը քննության շահերից ելնելով՝ բանտային տեսակցությունները թույլ չի տալիս, ապա չի կարելի կալանավորվածի մոտ թույլ տալ նույնիսկ բարձրագույն պաշտոնյաներին: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ««Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը ներկայացրել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը: Հարությունյանը նշեց, որ մի շարք դեպքերում քննիչը սահմանափակում է կալանավորվածի հետ տեսակցությունները:
Ընդդիմադիր խմբակցությունը առաջարկում է հստակեցնել իրավիճակը, որի արդյունքում ԱԺ պատգամավորները կկարողանան առանց խոչընդոտների տեսակցել ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ, մասնավորապես, առաջարկվում է արգելքը չտարածել այն անձանց վրա, որոնք քրեակատարողական հաստատություններ առանց խոչընդոտի մտնելու իրավունք ունեն՝ նախագահին, վարչապետին, Սահմանադրական դատարանի նախագահին, պատգամավորներին և այլոց:
«Այնուամենայնիվ, քննության անկախությունը պետք է ավելի կարևորվի, և քննիչի արգելքի դեպքում կարելի է թույլ տալ միայն մարդու իրավունքների պաշտպանին կամ խոստովանություն ընդունող քահանային»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ ավելացնելով, որ գործադիրն առաջարկում է օրենքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: