Երկրաշարժից հետո շուրջ 3 հազար շենք կարող է փլվել Մեխիկոյում
Մեքսիկան պատուհասած հզոր երկրաշարժից հետո APL Ingenieros Consultores ինժեներային ասոցիացիան հայտարարել է Մեխիկոյում մոտավորապես 3 հազար շենքերի փլվելու վտանգի մասին։
Ասոցիացիայի տվյալների համաձայն, այդ շենքերը պատերի, հենասյուների եւ հեծանների լուրջ վնասվածքներ ունեն, ուստի վտանգ են ներկայացնում: Դրանք գտնվում են այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ Անսուրեսը, Նապոլեսը, Նարվարտեն, Վերտիսը, դել Վալիեն, Կոնդեսան, Տլատելոլկոն, Տլալպանը, նշում է Publimetro պորտալը:
Ասոցիացիայի ներկայացուցիչ Ալբերտո Լոպես Ասեվեդոն նշել է, որ ինժեներները նման եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից ուղարկված իրենց շենքերի լուսանկարները: «Մենք մի քանի օգտահաշիվներ ենք բացել WhatsApp-ում, ուր մարդիկ ուղարկում են իրենց շենքերի ճաքերի ու պատճառված վնասների լուսանկարները, դրանք ուսումնասիրում են մի խումբ ինժեներներ ու ճարտարապետներ»,-նշել է Լոպես Ասեվեդոն:
Ավելի վաղ Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Լուիս Վիդեգարայը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվն անցել է 270-ից:
7,1 մագնիտուդով երկրաշարժը Մեկսիկայում տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ի երեկոյան: Երկրի հարավում ստորգետնյա ուժգին ցնցումներն զգացվել են մայրաքաղաք Մեխիկոյում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: