Եվրամիությունը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ քննարկելու Սիրիայի վերականգնման հարցերը
Եվրամիությունը 2018 թվականի գարնանը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ նվիրված Սիրիայի օգնության եւ վերականգնման հարցերին: Այդ մասին սեպտեմբերի 21-ին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Սիրիային նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը:
«Հարկ է գնահատել, թե մենք ինչպես կարող ենք օգնել Սիրիայի ժողովրդին՝ հաղթահարելու իր պատմության ամենամռայլ շրջաններից մեկը,-նշել է նա:-Սիրիան պետք է հակամարտությունից դուրս գալու ուղի գտնի: Անցած տարվա ապրիլին Բրյուսելում կայացած խորհրդաժողովում մենք խոստացանք գրեթե 10 մլրդ դոլարի օգնություն տրամադրել Սիրիայի վերականգնմանը: Եկել է ժամանակը՝ խոստումներից անցնել դրանց կատարմանը»:
Առաջիկա խորհրդաժողովը, Մոգերինիի խոսքով, «միջազգային ողջ հանրակցության համար հնարավորություն կբացի՝ ցուցադրելու միասնությունը եւ հավաստելու ինչպես մեր ֆինանսական պարտավորությունները, այնպես էլ մեր քաղաքական կամքի առկայությունը»:
Մոգերինին նշելէ, որ վերջին ամիսներին Սիրիայի իրադրությունը բարելավվել է: «Իսլամական պետությունը դուրս է մղվել բազմաթիվ շրջաններից,-նշել է նա:-Աստանայի բանակցային գործընթացը թույլ տվեց հասնել բռնության մակարդակի իջեցման եւ ստեղծել ապաէսկալացման գոտիներ: «Այդ գործընթացը մշտական բնույթ կկրի այն դեպքում, եթե ամրապնդվի հակամարտության քաղաքական կարգավորմամբ: Սիրիայում երկարաժամկետ խաղաղության չի հաջողվի հասնել առանց քաղաքական կարգավորման»,-հայտարարել է նա:
Եվրամիության դիվանագիտության ղեկավարի խոսքով, Եվրոպայի երկրները «պատրաստ են օժանդակություն ցուցաբերել ակաԷսկալացման գոտիներում, ինչպես նաեւ ազատագրված շրջաններում, որպեսզի օգնություն հասցնի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: