Գերմանիան Իրանի միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում «վեցնյակի» ձևաչափով կոլեգաների հետ հանդիպումից հետո ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բեռլինն ունի բոլոր հիմքերը՝ Իրանի միջուկային համաձայնագիրը չխզելու և նրա իրագործումը վտանգի տակ չդնելու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք ունենք բոլոր հիմքերը՝ Իրանի հետ միջուկային համաձայնագիրը վտանգի տակ չդնելու և, իհարկե, չխզելու այն ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում»,- նշել է Գաբրիելը:
Ավելի վաղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի առաջին օրը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին «արտաքսված պետություն» էր անվանել, իսկ Թեհրանի հետ միջուկային համաձայնագիրը՝ «ԱՄՆ-ի համար ամոթալի»: Այնուհետև պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր Իրանի հետ միջուկային գործարքի փոփոխման անհրաժեշտության մասին: Իրանի նախագահ Հասան Ռոհանին կտրուկ պատասխանել էր Թրամփին՝ պահանջելով ներողություն խնդրել: Նա նշել էր, որ Թեհրանն առաջինը չի խախտի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը: