«Ձեռքբերումները շատ են, սակայն անկախության տարիների ընթացքում Հայաստանը զերծ չմնաց նաև բացթողումներից»
Հայաստանի անկախության ամենագլխավոր ձեռքբերումն այն է, որ 26 տարի հայկական պետությունը գոյություն ունի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը:
«Չմոռանանք, որ 1918 թվականին անկախացած Հայաստան պետության գոյությունն ընդամենը երկուս ու կես տարի տևեց: 1920 թվականի դեկտեմբերի 4-ին այդ փուլն ավարտվեց: Պետք է ընդգծել, որ երրորդ հանրապետությունը 10 անգամ ավելի պատմություն ունի, ինչը կարևոր է»,- ասաց Ամատունի Վիրաբյանն ավելացնելով, որ այդ գործում գլխավոր դերակատարը հայկական բանակն է` անվտանգության հիմնական երաշխավորը: Ամատունի Վիրաբյանը շեշտեց, որ այն հպարտանալու առիթ է, հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակներից է:
Ձեռքբերումները շատ են, սակայն անկախության տարիների ընթացքում Հայաստանը զերծ չմնաց նաև բացթողումներից: Ամատունի Վիրաբյանի խոսքով, պետությունը դեռ չի կարողացել ստեղծել անհրաժեշտ այն բոլոր հնարավորությունները, որ մարդիկ կարողանան իրենց իրավունքները լիարժեք պաշտպանել:
«Աշխատանքի բերումով ես շատ եմ շփվում քաղաքացիների հետ, և տեսնում եմ, թե ինչ խնդիրների են բախվում: Դրանից բացի, քաղաքացիներին տրված խոստումները չեն կատարվում: Ընտրություններին բազմաթիվ խոստումներ են հնչում, բայց դրանց հիմանական մասը մնում է թղթի վրա: Դրանք կյանք չեն դառնում, միս ու արյուն չեն ստանում: Պետք է խոստանալ այն, ինչ հնարավոր է կատարել, ավելին պետք չէ: Հակառակ դեպքում դա իր բացասական ազդեցությունն է թողնում»,-ասաց Ամատունի Վիրաբյանն` ընդգծելով, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք ունենք կատարելու:
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 26-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 26 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Աննա Գզիրյան