Սերենա Ուիլյամսը պատմել է իր արտաքնի և սևամորթ կնոջ ուժի մասին
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է այն խնդիրների մասին, որոնց նա ստիպված է եղել կյանքի ընթացքում բախվել իր արտաքնի պատճառով: Այդ մասին նա գրել է իր մորն ուղարկած նամակում, որը հրապարակվել է Reddit-ում:
«Ինձ տղամարդու տեղ էին դնում, քանի որ ես շատ ուժեղ էի: Ասում էին, թե ես դոպինգ եմ օգտագործում, որ պետք է հանդես գամ ոչ թե կանանց, այլ տղամարդկանց սպորտում, քանի որ մյուս կանանցից անհամեմատ ավելի ուժեղ տեսք ունեմ (բայց ես պարզապես համառորեն աշխատում էի ինձ վրա, բացի այդ էլ՝ այսպիսի մարմնով եմ ծնվել եւ հպարտ եմ դրանով)»,-գրել է Ուիլյամսը:
Ամերիկուհին հիացմունքով է խոսում մոր զսպվածության մասին, որը կարողացել է ինքնատիրապետումը պահպանել բոլոր նրանց հետ շփվելիս, ովքեր «չափազանց տգետ էին՝ հասկանալու համար սեւամորթ կնոջ ուժը»:
«Ես հպարտ եմ, որ մենք կարողացանք ցույց տալ, թե ինչպիսին կարող են լինել կանայք: Մենք տարբեր ենք: Մենք ուժեղ ենք, մկանուտ, բարձրահասակ, փոքրիկ, նիհար. բայց մենք բոլորս կանայք ենք, եւ մենք հպարտանում ենք դրանով»,-ամփոփել է թենիսիստուհին:
Սեպտեմբերի 1-ին 35-ամյա Ուիլյամսն աղջիկ է ունեցել, որին անվանել են Ալեքսիս Օլիմպիա: Երեխայի հայրը ամերիկահայ ինտերնետ-ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանն է՝ Reddit-ի հիմնադիրներից մեկը:
Դեկրետային արձակուրդից հետո ամերիկուհին պլանավորում է վերադառնալ թենիս: Ուիլյամսը ռեկորդակիր է մենախաղերում «Մեծ սաղավարտի» շարքի մրցաշարերում տարած հաղթանակների թվաքանակով, նա 23 տիտղոս ունի: Բացի այդ, նա չորս անգամ ոսկե մեդալ է շահել Օլիմպիական խաղերում: