Բաժիններ՝

«Կատալոնիայի կառավարությունն ագրեսիայի ենթարկվեց Իսպանիայի ՆԳՆ-ի կողմից». Կառլես Պուչդեմոն

Կատալոնիայի կառավարությունը պլանավորված ագրեսիայի զոհ է դարձել Իսպանիայի իրավապահ մարմինների կողմից: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ արձագանքելով այն խուզարկություններին ու ձերբակալություններին, որոնք կատարվել են ինքնավարության մի շարք գերատեսչություններում։

«Կատալոնիայի կառավարությունը կոորդինացված ագրեսիայի զոհ է դարձել Իսպանիայի ներքին գործերի նախարարության ոստիկանության ուժերի կողմից»,- Պուչդեմոնի խոսքը մեջբերվում է Twitter-ում Կատալոնիայի կառավարության պաշտոնական էջում: «Այդ ագրեսիան ոչ մի օրինական հիմք չունի»,-հավելել է նա:

«Այս ամենը կատարվել է օրենքի գերակայության եւ սահմանադրական բոլոր երաշխիքների, ինչպես նաեւ ԵՄ-ի մարդու իրավունքների խարտայի խախտմամբ»,-ընդգծել է Պուչդեմոնը:

Սեպտեմբերի 20-ին ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ է կատարել Կատալոնիայի կառավարության մի քանի դեպարտամենտների գրասենյակներում: Ձերբակալվել են Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեն ու եւս 11 մարդ, այդ թվում՝ Կատալոնիայի հարկային գերատեսչության ղեկավարը եւ հեռահաղորդակցությունների, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ:

EFE գործակալության տվյալներով՝ խուզարկությունները կարող են կապված լինել ինքնավարության անկախության՝ հոկտեմբերի 1-ին պլանավորված հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի որոնման հետ: Քաղաքացիական գվարդիայի գործողությունից հետո Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը գումարել է կառավարության գործադիր կոմիտեի արտահերթ նիստ: Ներկայում Բարսելոնայի կենտրոնում երկու հազար բողոքավորներ են հավաքվել Իսպանիայի իշխանությունների գործողությունների դեմ: Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք կքվեարկենք» եւ պլակատներ են պարզել «Թող սա տեսնի ամբողջ Եվրոպան», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս