Բաժիններ՝

Կարեն Կարապետյանն ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանին:

Վարչապետը կարևորել է բարեկամ Լիբանանի հետ համագործակցության զարգացումը ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տնտեսության տարբեր ոլորտներում: Փոխշահավետ գործակցության համար վարչապետը հեռանկարային է համարել մասնավորապես թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության ոլորտները: Կարեն Կարապետյանը անդրադարձել է նաև հաջորդ տարի աշնանը նախատեսվելիք տնտեսական և ներդրումային խոշոր համաժողովին՝ կարևորելով լիբանանցի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը: Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է առարկայական կերպով քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար:

Ավետիս Կիտանյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ լիբանանցի զբոսաշրջիկների կողմից բավականին մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ, և իրենց նպատակն է առաջիկայում կրկնապատկել զբոսաշրջային այցելությունների թիվը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ պայմանավորվել են իրականացնել մի շարք թիրախային միջոցառումներ, որոնք նոր թափ կհաղորդեն զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությանը: Գալիք տարի նախատեսվելիք համաժողովը նա համարել է Հայաստանի ներդրումային հնարավորություններին տեղում ծանոթանալու լավ հնարավորություն և պատրաստակամություն է հայտնել լիբանանյան կողմին մանրամասն ներկայացնել ՀՀ կառավարության նախաձեռնությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս