«Մեր երկիրը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքին, ովքեր անկախությունն ընդհանրապես որպես արժեք չեն դիտարկում». Վարդան Հարությունյան
«Սովետական Միության քայքայումը մեծ հնարավորություն ստեղծեց, որպեսզի հռչակվի Հայաստանի անկախությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Նա ասաց, որ վաղվա տոնը, իհարկե, շատ կարևոր է, բայց կոնկրետ իր համար օգոստոսի 23-ը շատ ավելի մեծ արժեք ունի. «Որովհետև մենք այս օրը հայտարարեցինք, որ ուզում ենք անկախություն հռչակենք: Ժողովրդի բացարձակ մեծամասնությունն այդ անկախության օգտին է քվեարկել, այդ մարդիկ հիմա էլ կան:
Մեր սերունդը կարողացել է անել մի բան, որ շատ սերունդներ չեն կարողացել, դրանով կարելի է հպարտանալ, բայց հիմա երիտասարդների հետ պետք է ոչ միայն անկախ հռչակված երկիրը պահպանել, այլև տանել ժողովրդավարացման ճանապարհով: Այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ մեր երկիրը գտնվում է այնպիսի մարդկանց ձեռքին, ովքեր անկախությունն ընդհանրապես որպես արժեք չեն դիտարկում, ովքեր անգամ Հայաստանը որպես արժեք չեն դիտարկում, բայց երիտասարդների հետ կարելի է մեկ անգամ ևս պայքարել»: