Բաժիններ՝

«Այսօր մենք ունենք կայացած բանակ». «Ելք» խմբակցության պատգամավոր

«Որպես առաջին ձեռքբերում՝ անկախությունը կնեշեմ՝ իր ամեն ատրիբուտիկայով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով անկախության 26 տարիների մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Նա ձեռքբերումների շարքին դասեց հայկական բանակը՝ «իր բոլոր թերություններով». «ՀՀ-ի անվտանգության միակ երաշխավորը մեր բանակն է: Դեռևս անկախության շարժման տարիներին խոսվում էր ազգային բանակի մասին, շատերը դա որպես միֆ էին ընկալում, ոմանք դրա կարևորությունը չէին ընկալում, բայց այսօր մենք ունենք կայացած բանակ, որը վերջին դեպքերին կարողացավ իր առջև դրած խնդիրը կատարել: Բանակը ես համարում եմ մեր կարևորագույն ձեռքբերումներից»:

Խոսելով այս տարիների ընթացքում Հայաստանի ունեցած կորուստների մասին՝ Գ. Գորգիսյանը նշեց, որ իր համար առաջին կորուստը քաղաքացիների հավատի կորուստն է առ ապագան.

«Քաղաքացիները չեն հավատում մեր երկրի ապագային, չեն հավատում քաղաքական ուժերին, մեկը մյուսին, դա լրջագույն կորուստ է, որ մենք ունեցել են տարիների ընթացքում: Երկրորդ լրջագույն կորուստը համարում եմ սփյուռքի հետ մեր հարաբերությունները: Թեև հիմա հենց նմանատիպ մերձեցման միջոցառումներ են տեղի ունենում, բայց դա շատ քիչ է, մենք նաև սփյուռքի մոտ ենք հավատքի կորուստ արձանագրել տարիների ընթացքում:

Ժամանակին սփյուռքահայերը տարբեր ծրագրերով, ներդրումներով գալիս էին Հայաստան, հետո  խաբված և հիասթափված հեռանում էին: Սփյուռքը շատ կարևոր գործիք կարող էր լինել, բայց մենք ոչինչ չենք անում, ունենք Սփյուռքի նախարարություն, որն ասում է՝ եկեք, ամեն մեկդ 1000 դոլար դրեք բանկերում, թող բանկերը զարգանան: Սա ուղղակի ծիծաղելի է: Մենք Սփյուռք էլ չունենք, այսինքն՝ որպես կազմակերպված կառույց՝ Սփյուռք գոյություն չունի, ունենք տարբեր գաղթօջախներ, որտեղ նույնիսկ մի մասը մյուսի հետ թշնամական հարաբերություններ ունեն: Սա լրջագույն բացթողումներից մեկն է, որը չի կարելի այսպես շարունակել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս