«Ամերիկանա»-ի ղեկավարները և Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հանդիպեցին վիճելի հարաբերությունների կարգավորման համար

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները և Գլենդելում «Ամերիկանա» առևտրի կենտրոնի բարձրաստիճան ղեկավարները հանդիպեցին սեպտեմբերի 5-ին և համաձայնեցին իրենց հետագա հարաբերությունները ավելի լավ հիմքերի վրա դնել:

Ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում սա առաջին հանդիպումն էր երկու խմբերի միջև՝ կապված «Ամերիկանա»-ի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի վահանակի համար վճարովի գովազդային տարածք տրամադրելու մերժման հետ: «Ամերիկանա»-ն ֆիլմարտադրողներին ասել էր, որ թեման «խիստ քաղաքականացված» է: Սա տարակուսանք և զայրույթ էր առաջացրել, քանի որ «Ամերիկանա»-ն ոչ ֆիլմն էր տեսել, ոչ էլ գովազդային վահանակի տեքստը, որը պարզապես մերժվել էր Հայոց ցեղասպանության մասին լինելու պատճառով:

Գովազդային վահանակի մերժման իրական պատճառը պարզաբանելու համար «Ամերիկանա»-ի պաշտոնյաներին դիմելու մի քանի փորձերից հետո, նրանք ավելի անհողդողդ դարձան իրենց մերժման մեջ: Վավերագրողներին ուղղված էլեկտրոնային նամակներից մեկում առավել անզգա նախադասությունն այն էր, որ «Ամերիկանա»-ն այս հակասության առիթով մեկնաբանություններ էր ստացել «հայկական համայնքից և Թուրքիայի հյուպատոսարանից»: Այս խիստ վիրավորական հայտարարությունը Հայոց ցեղասպանության ժառանգների ձայնը հավասարեցնում էր բռնատիրական ժխտողական վարչակարգը ներկայացնող թուրք դիվանագետի ձայնին, որի նախնիները իրականացրել էին Ցեղասպանությունը…

Իրավիճակն ավելի վատթար էր, քանզի առաջին անգամ չէր, որ «Ամերիկանա»-ն մերժում էր Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցը: Երեք տարի առաջ, «Ամերիկանա»-ի պաշտոնյաները մերժել էին երեք հայ երիտասարդներին, որոնք կրպակ էին վարձակալել «Ամերիկանա»-ից՝ շապիկներ վաճառել Հայոց ցեղասպանությանը վերաբերող թեմաներով: Տեղի հայ համայնքի բարձրացրած աղմուկից հետո «Ամերիկանա»-ն վերանայեց իր որոշումը՝ թույլատրելով այդ շապիկների վաճառքը: Նրանք իրենց սկզբնական որոշումն անվանեցին «թյուրիմացություն»:

Անցյալ ամիս նման ընթացքով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի մասնաճյուղի կողմից մամուլի ասուլիս հրավիրելուց քիչ առաջ, երբ պետք է բոյկոտ հայտարարվեր «Ամերիկանա»-ին, առևտրի կենտրոնի պաշտոնյաները վերանայեցին իրենց որոշումը և ոչ միայն թույլատրեցին վավերագրական ֆիլմի գովազդային վահանակը, այլև դա արեցին «անվճար ֆիլմարտադրողների համար»:

Սա առաջին դրական քայլն էր: «Ամերիկանա»-ի սեփականատեր Ռիկ Կարոզուն համաձայնեց հանդիպել Հայ Դատի հանձնախմբի հետ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է բարելավել հարաբերությունները տեղական համայնքի և առևտրի կենտրոնի միջև:

Սեպտեմբերի 5-ի հանդիպմանը Կարուզոն ներկա էր «Ամերիկանա»-ի գործառնությունների գծով գործադիր փոխնախագահ Ջեկի Լևիի, հաղորդակցության փոխնախագահ Նենսի Մյուրեի, հանրային կապերի ավագ փոխնախագահ Ռիկ Լեմոյի և պլանավորման, կառավարման և համայնքային կապերի գծով փոխնախագահ Շերոն Քեյսերի հետ: Հայկական պատվիրակության կազմում էին Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի նախագահ Արթին Մանուկյանը, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի վարչության անդամ Պերճ Կարապետյանը, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի խորհրդատվական վարչության անդամ Հարութ Սասունյանը, Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի նախկին գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը և Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի համայնքի հանրային կապերի տնօրեն Մարգարիտա Բաղդասարյանը:

Սեպտեմբերի 5-ի հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Կարուզոն համաձայնեց կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի «Ամերիկանա»-ն բարելավի իր  հարաբերությունները  տեղի հայ համայնքի հետ: «Ամերիկանա»-ն խոստացավ ստեղծել հատուկ համայնքային կապերի խումբ՝ բացառապես հայերի հետ իր գործընկերության վրա կենտրոնանալու համար:

«Մենք ուրախ ենք, որ Կարուզոն համաձայնել է աշխատել նախաձեռնությունների վրա՝ ամերիկահայ համայնքի հետ հարաբերությունները բարելավելու և մեր վստահությունը վերականգնելու համար», ասաց Հայ Դատի հանձնախմբի Գլենդելի նախագահ Մանուկյանը:

Իր հերթին, «Ամերիկանա»-ի գործառնությունների գծով գործադիր փոխնախագահ Ջեկի Լևին հայտարարեց. «Մենք գնահատում ենք այս շատ արդյունավետ հանդիպումը Գլենդելի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարության հետ և ակնկալում ենք ամրապնդել մեր հարաբերությունները՝ շարունակելով մեր խոր երախտագիտությունը հայտնել հայ համայնքին: Համայնքային կապերի այս նոր խմբի ստեղծումը կնպաստի, որ մեր գործընկերությունը շարունակվի շատ իմաստալից ձևով»:

Այսպիսով, «Ամերիկանա»-ի և Գլենդելի հայ համայնքի միջև առկա երկարատև վիճահարույց հարաբերությունները կարգավորման ընթացքի մեջ են: «Ամերիկանա»-ի սեփականատեր Կարուզոն իր ելույթում շատ սիրալիր էր և շատ դրական արտահայտվեց հայերի մասին: Առաջիկա ամիսներին երկու կողմերի միջև կլինեն ավելի շատ շփումներ՝ իրենց համագործակցության ամրապնդման ծրագրեր մշակելու համար, որպեսզի վիճելի հարցերը լուծվեն բարեկամական քննարկումների միջոցով՝ ցույցերի և բոյկոտների դիմելու փոխարեն:

Ավելի քան երկու տասնյակ հայեր և օտարներ հայտնվեցին Գլենդելի քաղաքային խորհրդի նիստում՝ բողոքելու «Ամերիկանա»-ի կողմից գովազդային վահանակի մերժման սկզբնական որոշման դեմ: Ի պատիվ իրենց, Գլենդելի քաղաքային խորհրդի բոլոր հինգ անդամները, քաղաքապետ Վարդան Ղարպետյանի գլխավորությամբ, պաշտպանեցին համայնքի պահանջները և ներկա էին Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսին «Ամերիկանա»-ում: Հայ համայնքի ցանկություններին աջակցեց նաև Կալիֆորնիայի նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, որը մեծ դեր խաղաց հակասությունների լուծման հարցում և ներկա էր Հայ Դատի հանձնախմբի մամուլի ասուլիսին:

Այս վիճահարույց հարցի լուծումը ցույց է տալիս, թե որքան կարևոր է համայնքի մասնակցությունն ու ակտիվությունը ամերիկահայերին վերաբերող հարցերում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

Տեսանյութեր

Լրահոս