Բաժիններ՝

Կուբայի ԱԳ ղեկավարն ագրեսիվ է որակել Թրամփի ճառը ՄԱԿ-ի ԳԱ-ում

Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը սեպտեմբերի 19-ին քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում (ԳԱ)։

«Այդ ճառը չտեսնված էր իր ագրեսիվությամբ: Ինձ զարմացրեց, թե ինչպես է նա մանիպուլյացիա անում ինքնիշխանության թեմայով. ԱՄՆ-ի ինքնիշխանությունը նրա համար նշանակում է մնացած բոլոր երկրների ստրկացում»,- հայտարարել է Ռոդրիգեսը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Կուբայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Թրամփի կառավարությունը «ոչ մի բարոյական իրավունք չունի քննադատելու Կուբային»:

ԱՄՆ-ի նախագահը, սեպտեմբերի 19-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Կուբայի կառավարությունը համարել է «կոռումպացված եւ ապակայունացնող» եւ հայտարարել, որ ԱՄՆ-ը չի վերացնի կղզու նկատմամբ առեւտրատնտեսական բռնարգելքն այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ տեղի չեն ունենա «հիմնարար բարենորոգումներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս