Դատարանի նախագահի և Դատական դեպարտամենտի ղեկավարի միջև կոնֆլիկտ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վերջերս կոնֆլիկտ է եղել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդու՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանի միջև։

Բանն այն է, որ Փոլադյանը Շենգավիթի դատարանում աշխատակազմի ղեկավար է նշանակել իր մարդուն, իսկ Դավիթ Բալայանը ցանկացել է այդ պաշտոնում տեսնել այլ անձի։ Եվ, ահա, Փոլադյանի կադրին տեսնելով դատարանում՝ դատարանի նախագահը «դեբոշ» է սարքել, թե դու ի՞նչ գործ ունես այստեղ, սա քո սենյակը չէ, վեր կաց գնա և այլն։ Սակայն Փոլադյանին հաջողվել է իր մարդուն պահել այդտեղ, այդ ընթացքում նրանք մի քանի անգամ կոնֆլիկտ են ունեցել, անգամ, ասում են՝ Դավիթ Բալայանը դռան կողպեքն է փոխել, որ չկարողանա ներս մտնել։

Այս միջադեպը մեծ աղմուկ է առաջացրել, այդ օրերին դատարան մտնող-դուրս եկողներն ականատես են եղել այս վեճերին։ Հանուն արդարության պետք է ասել, որ դատարանի աշխատակազմը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է, որտեղ նշանակումներ անում է դեպարտամենտի ղեկավարը։ Մեզ հասած տեղեկությունները փորձեցինք ճշտել դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանից։ Նա նշեց, որ Արմինե Ալիխանյանը 2017թ․ հունիսին նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով Տավուշի դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Խաչատրյանը նշեց, որ դատարանի աշխատակազմը բնականոն աշխատում է, և որևէ կոնֆլիկտ դեպարտամենտի ղեկավարի և դատարանի նախագահի միջև չի եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս