«Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ում խաղողի մթերման ակտիվ աշխատանքներ են ընթանում
«Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Մարտունու տեղամասում սեպտեմբերի 7-ին սկսվել է խաղողի մթերումը: Այժմ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Մարտունու տեղամասի պետ Արարատ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ խաղողի մթերումը սեպտեմբերի 7-ին սկսվել է ինչպես Մարտունու, այնպես էլ գործարանի Կարմիր շուկայի տեղամասում։
Ա. Հայրապետյանը նշել է, որ Մարտունու տեղամասում խաղողի սպիտակ սորտն ընդունվում է 120-125 դրամով, իսկ խնդողնու սորտի համար, կախված տեսակի մաքրությունից և քաղցրությունից, կազմում է 200-250 դրամ:
«Սեպտեմբերի 18-ի դրությամբ մթերվել է մոտ 950 տոննա բերք: Եվս այդչափ սպասվում է մթերել մինչև բերքահավքի ավարտը»,- նշել է Ա. Հայրապետյանը և հավելել, որ հիմնականում խաղողի մթերումը հիմնականում կատարվում է Մարտունու շրջանի Ճարտար, Գիշի, Խնուշինակ, Սոս, Բերդաշեն համայնքներից, Ասկերանի շրջանի Շոշ գյուղից և Ակնայից:
Տեղամասի պետը նշել է նաև, որ գործարանն ընթացիկ տարում սկսվելու է նռան հյութի արտադրություն: «Այս տարի նախատեսում ենք նռան բերքի մթերում, քանի որ «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը բացի ալկոհոլային խմիչքներից կսկսի նաև բնական հյութի արտադրություն: Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը ոչ միայն կարևոր է այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների համար՝ սեփական բերքը իրացնելու, այլև նոր հնարավորություններ կստեղծի նռան այգիների զարգացման համար»,- ասել է Ա. Հայրապետյանը: