«Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են, նորեն կուզեն անձայն մնալ». Կարո Փայլան

«Թուրքիային մեջ մահմեդական հայեր շատ կան: Հիմա նորից անձայնությունը սեղանի վրա է, որովհետև Էրդողանը ազգայնականների հետ է քայլում: Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են, նորեն կուզեն անձայն մնալ»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Նա ընդգծեց, որ լուռ մնալը դեռ ապահովության երաշխիք չէ. «Անձայն մնալը հանգիստ մնալ չէ, դու չես կարող հանգիստ մնալ ազգայնամոլներուն մեջ: Անոր համար, եթե ազգայնականները վրադ կուգան, իրավունք ունես պատասխանելու: Եթե անձայն մնաս, ազգայնականներն ավելի վրադ կուգան»:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին, Փայլանն ասաց, որ պատգամավոր լինելով՝ առաջին անգամն է, որ Հայաստանում է. «Սպասեցի՝  ավելի լավ օր լինի, ու գամ Հայաստան, ու այդ երազների համար եմ աշխատում։ Բայց պայմանները վատ են ու ավելի են վատանում։ Դրա համար եկա, որպեսզի  քրդական, հայկական և բոլոր հարցերի համար ճանապարհ գտնենք։

Նոր ճանապարհ գտնելու համար եկա այստեղ, նախագահի հետ, բոլոր ընկերների հետ խոսեցի ու պետք է նաև խոսեմ ու հանդիպումներ ունենամ, որպես նոր ճանապարհ գտնենք Հայաստանու ու Թուրքիայի համար։ Ազգայնականներն ուժ ունեն, բայց եթե մենակ ասենք, որ թուրքը թուրք է, նրանք էլ կասեն՝ հայը հայ է, քուրդը քուրդ է։ Եթե այս տեսակ ազգայնական մտածողություններն ուժ ունենան, մենք ինչպես  պետք է արդարության համար ուժ ունենանք։ Դրա համար այս կամուրջը նորից շինելու համար եմ այստեղ։ Գիտեմ, որ դժվար է, բայց դրա համար ճանապարհ պետք է գտնենք»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս