Բաժիններ՝

«Մենք կորցրեցինք ամեն ինչ». Դոմինիկայի վարչապետը «Մարիա» փոթորկի հարվածի մասին

«Մարիա» փոթորիկը մոլեգնել է Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում՝ գործելով հսկայական ավերածություններ: «Մենք կորցրեցինք այն ամենը, ինչ միայն կարելի է գնել փողով»,-ասել է կղզու վարչապետ Ռուզվելտ Սքեւիթը, տեղեկացնում է BBC-ին: Նա հորդորել է ինքնաթիռներ ունեցող բարեկամ երկրներին՝ օգնության հասնել Դոմինիկայի ժողովրդին:

«Այժմ գլխավոր գերակայությունը նրանց փրկելն է, ովքեր չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ տներից, եւ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելը: ՄԵնք օգնության կարիք ունենք, բարեկամնե՛ր: Մենք ամեն տեսակ օգնության կարիք ունենք»,-ասել է նա: Տարերային աղետի սկսվելուց հետո վարչապետը սոցցանցերում հրապարակում էր վերջին նորությունները տեղի ունեցողի մասին, երբ փոթորիկը պոկեց նրա տան տանիքը: Դրանից հետո նա գրեց, որ ամբողջովին կախված է փոթորկի կամքից:

«Ես ամենից ավելի երկյուղում եմ, որ առավոտյան մենք կիմանանք լրջորեն տուժածների եւ, հնարավոր է, զոհվածների մասին հավանական սողանքների պատճառով, որոնք կարող են սկսվել չդադարող հորդառատ անձրեւների պատճառով»,-գրել է նա այն բանից հետո, երբ փրկել են իրեն:

Կղզու բոլոր նավահանգիստներն ու օդանավակայանները փակ են, առափնյա գոտու բնակիչներին կարգադրված է տարհանվել հատուկ սարքավորված ապաստարաններ: Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում: «Դոմինիկան (որը հաճախ շփոթում են զբոսաշրջիկներին ավելի ծանոթ Դոմինիկյան Հանրապետության հետ) ոչ մեծ պետություն է՝ մոտավորապես 70 հազար բնակիչներով: Այն գտնվում է Փոքր Անթիլյան կղզիներից մեկում՝ Մարտինիկայի եւ Գվադելուպայի միջեւ:

«Մարիա»-ն շարժվում է մոտավորապես նույն այն երթուղով, ինչ եւ «Իրմա» փոթորկը, որն ավելի վաղ լուրջ վնաս պատճառեց այս տարածաշրջանին:

Դոմինիկային հարվածելուց առաջ «Մարիա»-ն ուժեղացել է մինչեւ հինգերորդ կատեգորիա, որը մասնագետները նաեւ անվանում են «հնարավոր աղետի» կատեգորիա: Քամու պոռթկումները հասնում են ժամում 260 կիլոմետրի:

Հարեւան Մարտինիկան հայտարարել է վտանգի առավելագույն մակարդակի մասին, իսկ Գվադելուպայում, որը, ինչպես սպասվում է, դառնալու է տարերքի հաջորդ թիրախը, բնակիչների զանգվածային տարհանում է սկսվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս