Շոտլանդացին հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել
Շոտլանդիայի բնակիչ Մարկ Բոմոնտը կարողացել է հեծանիվով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել ընդամենը 79 օրում: Այս մասին հայտնում է BBC-ն: Հեծանվորդն այս կերպ նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Նա իր շրջագայությունը սկսել է հուլիսի 2-ին՝ Փարիզից: Ամբողջ ճանապարհորդության արդյունքում նա հաղթահարել է շուրջ 29 հազար կմ և անցել` 16 երկրով: Մեկ օրվա ընթացքում անցել է միջինը 370 կմ՝ վարելով 16 ժամ: Արդեն իսկ ճանապարհորդության ընթացքում մեկ ամսում 11 հազար 315 կմ տարածություն հաղթահարելու համար նրա ցուցանիշը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: