«Ադրբեջանցի զինծառայողները խոսում են ցեղասպանության մասին». Արցախի ՄԻՊ
Այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց, որ մարդու իրավունքները, որպես գաղափարախոսություն, որպես երևույթ, ի սկզբանե հանդիսացել են Արցախյան շարժման հենք.
«Եվ պատահական չէ, որ հենց սկզբնավորման փուլում շարժումը վայելել է միջազգային իրավապաշտպան համայնքի լայն աջակցությունը: Մեր հաստատությունը երեք սկզբունքներով է առաջնորդվում: Առաջին, Արցախի քաղաքացիների իրավունքները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակվել նրանց քաղաքացիության կամ բնակության վայրի հիմքով: Երկրորդ, Արցախի վերաբերյալ ազատ խոսքի և դեպի Արցախ ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի:
Մենք տեսնում ենք ռուս բլոգեր Լապշինի գործի պատմությունը, որը կարծես հանգուցալուծվեց: Այս խնդրի համար պայքար էր առ այն, որ չի կարող սահմանափակվել ազատ խոսքն Արցախի վերաբերյալ: Եվ վերջապես երրորդ. Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքների դիրքերից»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ խորհրդային Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման դեպքերը բազմաթիվ էին, իսկ ահա արդար դատաքննության մասին խոսելն իսկ ավելորդ էր:
«Այս ամենի հիմքում խտրականությունն էր, որը կարմիր թելով հասնում է մինչև մեր օրերը: Վերջին շրջանի ամենակարևոր իրադարձությունը ապրիլյան պատերազմն էր: Որպես նախադրյալ՝ մենք դիտարկում ենք հայատյացությունը: Դրա հետևանքներն այսօր դառնում են ավելի ու ավելի վտանգավոր: Հայատյացությունը լրջագույն խնդիր է: Մեր գրասենյակը շատ շուտով՝ բառացիորեն շաբաթներ անց, կհրապարակի Ադրբեջանի կողմից հայատյացությանը վերաբերող հերթական զեկույցը:
Մենք կխոսենք ռազմական հանցանքների և մարդու իրավունքների մասին: Իսկ այն զեկույցը, որ հրապարակեցինք ապրիլյան պատերազմի վերաբերյալ, միայն մեր ընկալած փաստեր չէր պարունակում:
Մենք մինչև հիմա էլ շարունակում ենք ադրբեջանական սոցիալական կայքերի մոնիտորինգը, որտեղ մատուցվում են նորանոր ապացույցներ: Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական գրավված դիրքերից մեկում, մասնավորապես, ադրբեջանցի զինծառայողները խոսում են ցեղասպանության մասին:
Նրանք երկու անգամ ադրբեջաներենով ասում են՝ «Մենք ձեզ ցեղասպանություն ցույց կտանք: Մենք պետք է սա կարողանանք ներկայացնել միջազգային հանրությանը: Այսինքն՝ հայատյացությունը ակադեմիական երևույթ չէ, խոսքի ազատության դրսևորում չէ, այլ ցեղասպանության մոտիվացիա»,- ասաց նա: