«Ադրբեջանը ազնիվ ճանապարհով չի գնում». Պարգև Սրբազան
«Ղարաբաղաադրբեջանական սահմանին վիճակը համեմատաբար նորմալ է»,- այսօր մեկնարկած Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը:
Անդրադառնալով Թալիշում առակա իրավիճակին՝ վերջինս նշեց՝ շենքեր են կառուցվում և աստիճանաբար սպասում են տեղի բնակչության վերադարձին:
Հոգևոր առաջնորդի խոսքով՝ Սփյուռքը կարող է մեծ դերակատարություն ունենալ Արցախյան խնդրի կարգավորման հարցում, ըստ նրա՝ հայ համայնքները կարող են շատ ակտիվ աշխատել հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:
«Սփյուռքը կարող է լավ լոբբինգ անել, իրենց ներդրումներով զորացնել Մայր Հայաստանը և Արցախը: Ես կարծում եմ՝ Սփյուռքն անում է այն, ինչ ի զորու է անել»,- ասաց Պարգև Սրբազանը:
Հոգևոր առաջնորդը նաև շեշտեց՝ Ադրբեջանը ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներով է զբաղվում: