Կառավարությունն իր գործունեության ընթացքում չկարողացավ հասնել այն իրավիճակին, երբ ուղղակի ակնառու կլիներ ՀՀԿ-ի «հնացածությունը». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետականը դրական է գնահատում կառավարության մեկ տարվա գործունեությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ու ոչ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ի ձևավորած կառավարությունն է, և ՀՀԿ-ն է քաղաքական պատասխանատվություն կրում դրա համար: Որովհետև, եթե այդ կառավարությունը հաջողեր, արդյունքը ՀՀԿ-ի համար ամենևին չէր թողնելու դրական գնահատականի տեղիք, որովհետև կառավարության հաջողության արդյունքը պետք է լիներ ՀՀԿ-ի, այսպես ասած, էական վերափոխումը, այլ ՀՀԿ-ի առկայությունը կամ ձևավորումը: Որևէ այլ կերպ «նոր ոգին» պատկերացնելը հնարավոր չէ, իսկ Կարեն Կարապետյանի կառավարության առաջ դրվել է հենց այդ խնդիրը:
Եվ եթե այսօր շարունակվող ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարապետյանի կառավարության աշխատանքը, դա նշանակում է, որ այդ աշխատանքում չկա որևէ դրական բան պետության և հանրության համար, կամ չկա այնքան, որ այդ աշխատանքը դրական գնահատվի այդ տեսանկյունից: Որովհետև չի կարող այն դրական լինել թե՛ ՀՀԿ-ի, թե՛ հանրության տեսանկյունից: Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի գնահատականը վկայում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությանն այդպես էլ չի հաջողվել դրված խնդիրը՝ լինել փոփոխության խորհրդանիշ և «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն ներկայումս ունի կառավարությունից գոհ լինելու բոլոր հիմքերը, որովհետև այդ կառավարությունն իր գործունեության մեկ տարվա ընթացքում չկարողացավ հասնել այն իրավիճակին, երբ դրա ֆոնին ուղղակի ակնառու կլիներ ՀՀԿ-ի «հնացածությունը»:
Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ որակական հնացածության մասին է, Հայաստանի տնտեսական, քաղաքական, հանրային կյանքի մարտահրավերներին այդ քաղաքական միավորի անհամարժեքության մասին: Հայաստանում որևէ արդյունավետ կառավարության աշխատանքի առաջնային արդյունքը պետք է լինի դա, ընդ որում՝ ոչ թե նպատակը, այլ արդյունքը՝ ինքնաբերաբար ստացվող արդյունքը, որովհետև եթե կառավարությունը հաջողի, ապա դա ինքնըստինքյան նշանակելու է ՀՀԿ-ի հնացածության ընդգծում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։