Բաժիններ՝

Մերկելը ԵՄ-ի բոլոր երկրների անցումը եվրոյի չի համարում ուժեղ համագործակցության գրավականը

Եվրամիության բոլոր երկրների անցումը եվրոյի չի երաշխավորում համագործակցության տնտեսական կայունությունը: Այդ մասին սեպտեմբերի 15-ին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Արժույթը կարևոր է, բայց այն չի կարող երաշխավորել, որ մենք Եվրոպայում ուժեղ կլինենք»,- ասել է նա: Ընդսմին Մերկելն ընդգծել է, որ արժութային քաղաքականությունը պետք է կապակցվի տնտեսականի հետ: «Բայց տնտեսական քաղաքականությունը մեզանում միատարր չէ»,- արձանագրել է Մերկելը:

Մեկնաբանելով ԵՄ-ի բոլոր երկրների՝ եվրոյին անցնելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած հայտարարությունը՝ կանցլերն ասել է. «Մեզ համար կարևոր է, որ առաջվա պես կատարվեն եվրոգոտու ընդլայնման չափանիշները»: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քեռնը եւ արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը մերժել են եվրոգոտու ընդլայնման վերաբերյալ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի արած առաջարկությունը: Քեռնի խոսքով՝ նախքան արևելաեվրոպական երկրների ֆիրմաների միջոցով հարկերից խուսափման սխեմայի վերացումը նման բարենորուգումը ոչ մի իմաստ չունի:

Քեռնը հավելել է, որ միասնական արժույթի շրջանառության ընդլայնման դեպքում նման բնույթի արդեն գոյություն ունեցող խնդիրները միայն կսաստկանան: Կանցլերը կարծում է, որ փոփոխությունների հայեցակարգը մտածված չէ:

Իր հերթին, Սեբաստյան Կուրցը բերել է Հունաստանի օրինակը, որը եվրոգոտի մտավ առանց անհրաժեշտ բոլոր ֆինանսատնտեսական ստանդարտների: Նրա խոսքով՝ հետագայում նման իրավիճակից անհրաժեշտ է խուսափել:

Եվրոգոտին այս պահին ներառում է 19 երկիր: Եվրամիության ևս 9 պետություններ (Սեծ Բրիտանիան, Շվեդիան, Դանիան, Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Չեխիան եւ Խորվաթիան ) արժութային միության մեջ չեն մտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս