ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը Սերբիայի գերակայությունն է. նախագահ Վուչիչ
Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը Սերբիայի արտաքին քաղաքական գերակայությունն է: Այդ մասին սեպտեմբերի 15-ին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հարեւանության եվրոպական քաղաքականության եւ ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանի հետ Բելգրադում կայացած հանդիպմանը։
«Մենք կարծում ենք, որ ամբողջ տարածաշրջանի տեղը ԵՄ-ում է, առանց ԵՄ-ում Արեւմտյան Բալկանների տարածաշրջանի ներառման ընդհանուր տնտեսական ու քաղաքական տարածքն ամբողջական չի լինի: ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը մեր արտաքին քաղաքական գերակայությունն է»,-Վուչիչի խոսքը մեջբերում է Սերբիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները նաեւ քննարկել են Սերբիայում մեկնարկող հասարակական երկխոսությունը Կոսովոյի հարցի շուրջ, որը Հանը բնութագրել է որպես «գերազանց նախաձեռնություն»:
Ավելի վաղ Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը, խոսելով եվրոպական հանրակցությանն անդամակցելու մասին, Եվրամիության ընդլայնումը բուժիչ է համարել կազմակերպության համար եւ հայտարարել, որ ընդլայնման քաղաքականությունից հրաժարվելու դեպքում ԵՄ-ն կսկսի դանդաղորեն մահանալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: