ԵՄ-ն արգելեց ԿԺԴՀ-ից ածխի, երկաթի հանքաքարի, կապարի և ծովամթերքի ներմուծումը
Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւին համապատասխան, խստացրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այժմ ԿԺԴՀ-ի քաղաքացիները չեն կարողանա Եվրամիության երկրներում աշխատելու թույլտվություն ստանալ:
Բացի այդ, Եվրամիությունը լիակատար արգելք է դնում Հյուսիսային Կորեայից ածխի, երկաթի հանքաքարի, կապարի եւ դրա հանքաքարի ու ծովամթերքի ներկրման վրա: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հաղորդագրության մեջ:
ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին արձակել է հերթական բալիստիկ հրթիռը: Արձակումն առաջինն է դարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նոր բանաձեւի ընդունման պահից, որը խստացնում է Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ Փենյանի շրջանից արձակված հրթիռն անցել է 3,7 հազար կիլոմետր եւ հասել 770 կմ առավելագույն բարձրության: Ճապոնիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռն անցել է Հոկայդո կղզու հյուսիսային մասի վրայով եւ Խաղաղ օվկիանոսն ընկել Էրիմո հրվանդանից 2 հազար կմ հեռավորության վրա:
Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Հարավային Կորեան պահանջել են սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ կոնսուլտացիաներ ցանցկացնել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակման կապակցությամբ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը: