«Ձեր ասածը, մեղմ ասած, այնքան էլ իրականությանը չի համապատասխանում». Վարդան Բոստանջյանը՝ Վարդան Արամյանին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարցով դիմեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
«Պարոն Արամյան, չեմ կաշկանդվում ասել, որ ՀՀ-ում արտաբյուջետային ֆոնդը կրիմինալ ինստիտուտ է, որի մասին ինքներդ էլ գիտեք: Այդ հետևողական մոտեցումները, որ պահեք արտաբյուջետային ֆոնդերը, ինչո՞վ է պայմանավորված, արդյոք մեր բյուջեն ի զորու չէ՞ այդ խնդիրները լուծելու՝ առանց արտաբյուջետային ֆոնդերի»,- հայտարարեց Վ. Բոստանջյանը:
Ի պատասխան՝ Վ. Արամյանն ասաց, որ արտաբյուջեները բյուջեի մի մասն են կազմում, ինչը նշանակում է, որ դրանց վրա տարածվում են բոլոր ընթացակարգերը: Նախարարի խոսքով՝ միակ տարբերությունը կայանում է նրանում, որ այնտեղ մուտքն ու ելքը հատուկ նպատակներով է լինում: Նա կարծում է՝ այսօրվա դրությամբ չի փաստարկվել, որ այդ արտաբյուջեների գոյությունն անիմաստ է:
«Ով՝ ով, գոնե ես գիտեմ՝ ՀՀ-ում ինչ բան է արտաբյուջետային ֆոնդը: Այն, որ Դուք ասում եք՝ բյուջետային հարաբերությունների ամբողջ ինստիտուտը նստած է այստեղ, մեղմ ասած, դա այդքան էլ իրականությանը չի համապատասխանում»,- հայտարարեց Վ. Բոստանջյանը:
Վ. Արամյանն էլ այսպես պատասխանեց Վ. Բոստանջյանին. «Ես վստահ եմ, որ դուք լավ տիրապետում եք բյուջետային համակարգին, բայց նաև վստահ եմ, որ հաշվետվությունների ժամանակ իմ գործընկերները ձեզ բոլորիդ ներկայացնում են արտաբյուջեների ծախսման ուղղությունները և նպատակայնությունները»:
Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ, եթե կա անվստահություն արտաբյուջեների նկատմամբ, արդյոք «չկա՞ն մեխանիզմներ, որ մենք առանց արտաբյուջեների ապրենք, եկեք ազատվենք այդ արտաբյուջեներից»:
Նախարարն ասաց, որ ինքը չի ասում, որ առանց արտաբյուջեների հնարավոր չէ ապրել. «Արտաբյուջեները ձևավորվում և ծախսվում են ընդհանուր բյուջետային կանոններով: Ընդ որում, ԱԺ-ն ունի հսկողական և վերահսկողական բոլոր տեսակի գործառույթները և կարող է հսկողության տակ պահել, թե ինչպես են արտաբյուջեները ծախսվում: Բոլոր գնումներն արտաբյուջեներից նույն ընթացակարգով են արվում, ինչ բյուջեում է»: