«Հայաստանը չի՞ պատրաստվում ՄԻԵԴ-ում բարձրացնել ՌԴ-ի «սև ցուցակի» հարցերը». Գևորգ Գորգիսյանի հարցը՝ Գագիկ Եգանյանին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

Հարցի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց ՌԴ-ի «սև ցուցակում» հայտնված հայ քաղաքացիների ճակատագրից:

Ի պատասխան՝ Գ. Եգանյանն ասաց, որ իրենք զբաղվում են այդ հարցերով, և արդեն մոտ 6000 քաղաքացիների գործերը դրական ընթացք են ստացել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հետաքրքրվեց, թե ՀՀ-ն չի՞ պատրաստվում Եվրոպական դատարանում վիճարկել այս հարցերը, որովհետև մարդու ազատ կյանքի խաթարում և ազատ տեղաշարժվելու իրավունքի ոտնահարում է տեղի ունենում՝ այն պարագայում, երբ ԵԱՏՄ-ում առնվազն աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի»:

Ի պատասխան՝ Գ. Եգանյանն ասաց, որ սա յուրաքանչյուր պետության ինքնիշխանության շրջանակներում ընդունված քաղաքականություն և պրակտիկա է, և ամեն երկիր ինքն է որոշում՝ ինչպիսի պայմաններ սահմանի օտարերկրացիների մուտքի և գտնվելու հարցում.

«ՌԴ-ում վերջին 5-6 տարիներին բավականին աղմկահարույց քրեական պատմություններ եղան, որի առանցքում օտարերկրացիներն էին գտնվում, ինչո՞ւ չէ՝ նաև հայերը, ինչը ստիպեց իրենց, որ օգտագործեն հակամիգրացիոն հռետորաբանություն, որը հետագայում նաև կյանքի կոչվեց նմանատիպ փաստաթղթերի միջոցով: Ըստ իս՝ սա ամբողջությամբ տեղավորվում է պետության սուվերենության մեջ»:

Գ. Գորգիսյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Ռուսաստանը վավերացրել է Մարդու իրավունքների կոնվենցիան և պարտավոր է հարգել այդ իրավունքները:

«Այս պրակտիկան նվաստացուցիչ է նույնիսկ երկրի համար, որ ամեն քաղաքացու համար դուք պետք է գնաք խնդրեք: Սա պետք է ավելի օրինական ճանապարհով լուծվի, և ՄԻԵԴ-ը, կարծում եմ, ճիշտ հարթակ է այս հարցը բարձրացնելու համար»,- հայտարարեց պատգամավորը:

Գ. Եգանյանը կրկնեց, որ ՌԴ-ն իր օրենսդրությունը ծառայեցնում է՝ իր առջև ծառացած խնդիրները լուծելու համար. «Ինքն իր համար այդպիսի կարգ է սահմանել, որ կարգազանց օտարերկրացիները պետք է իր երկիր մուտք չգործեն: Այս հարցում միջամտել և փորձել վիճարկել, թե դա ինչքանով է համապատասխանում, կարծում եմ՝ նմանատիպ հարց չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս