«Մինչև այսօր «սև ցուցակում» հայտնվածներից շուրջ 6000 գործերը բավարարվել են». Գագիկ Եգանյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ այն անձինք, ովքեր կողմերի տարածքում մուտք են գործել՝ միգրացիոն պահանջները  խախտելով՝ հանդիսանում են ոչ կանոնավոր  միգրանտներ, նրանց երկիր վերադարձնելու հարցերին է վերաբերում արձանագրությունը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց հնչեցրեց Ռուսաստանից դեպորտի ենթարկված քաղաքացիների վերաբերյալ.

«Նախ, մենք ի՞նչ մասշտաբի խնդրի հետ գործ ունենք, ինչքանո՞վ է այդ պրոցեսը համապատասխանում ԵԱՏՄ շրջանակներում գործող իրավակարգավորումներին: Ի վերջո, ինչպե՞ս կարող ենք մենք այդ մարդկանց օգնել, խոսքը երկար ժամանակ ՌԴ-ում բնակվող քաղաքացիների մասին է, որոնք գալիս են Հայաստան՝ ընտանիքները թողնելով այնտեղ, այց են կատարում, և հետ վերադառնալիս պարզվում է, որ իրենց մուտքը Ռուսաստան փակ է: Ընտանիքի մի մասն այստեղ է, մի մասը՝ այնտեղ, և տարիներով իրար տեսնելու հնարավորություն չեն ունենում»

Ի պատասխան՝ Գ. Եգանյանն ասաց, որ ոչ թե դեպորտի մասին է խոսքը, այլ մուտքի արգելանք դնելու մասին է. «Խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք, կամա թե ակամա, մեծ կամ փոքր խախտումներ են թույլ տվել՝ գտնվելով ՌԴ-ում: ՌԴ-ն և՛ պրակտիկայում, և՛ օրենսդրորեն բավականին պատժամիջոցներ է սահմանել, որը գործում է, երբ անձը դուրս է գալիս ՌԴ տարածքից: Սա միայն ՀՀ քաղաքացիների համար չէ, բոլոր օտարերկրացիների համար է նախատեսված:

Երբ 2014-ին սկսվեց գործընթացը, 3 միլիոնի հասնող օտարերկրացիներ կային, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ, որոնք հայտնվել էին սև ցուցակներում: Ինչպե՞ս ենք օգնում: Մենք նախկին Ֆեդերալ միգրացիոն ծառայության հետ ունեցած համագործակցության շրջանակներում  մեխանիզմ սահմանեցինք, որով քաղաքացին դիմում է մեր ծառայությանը, մեր ծառայությունը միջնորդագրով դիմում է՝ հավաքելով այդ դիմումները, դրանք ներկայացնելով Միգրացիոն ֆեդերալ ծառայությանը, որ պատժամիջոցները մեղմեն կամ վերացնեն: Մեր ծառայության միջոցով մենք մինչև հիմա ուղարկել ենք 15 հազարից ավելի նամակներ: Շուրջ 6000 դեպքում մեր խնդրանքը բավարարվել է: ԵԱՏՄ-ն անկանոն միգրացիայի հարցերի հետ կապված չունի ռեգուլյացիաներ»:

Տեսանյութեր

Լրահոս