«Մշակույթի նախարարությունը զլանում է հանդիպել այդ աշխատակիցներին». Սամվել Ֆարմանյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մշակույթին վերաբերող մի հարց հնչեցրեց, թեև նախարարը նիստին ներկա չէր: Նա ասաց, որ ուզում է վարչապետի ուշադրությունը հրավիրել այդ խնդրին:
«Մամուլում շատ պատահաբար հանդիպել եմ այսպիսի մի խնդրի, որը վերաբերում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն ՊՈԱԿ-ին, որը գործում է Մշակույթի նախարարության ներքո: Հիմնադրված լինելով դեռևս Խորհրդային Հայաստանում՝ այդ կենտրոնը նպատակ է ունեցել նպաստել ժողովրդական ստեղծագործությունների, արվեստների, արհեստների, նաև բանահյուսության հավաքագրմանը, դրա պայմանագրերի լուծարման մասին պրոպագանդմանը, և այլն:
Վերջերս՝ ընդամենը ամիսներ առաջ, որոշում է կայացվել կառուցվածքային փոփոխությունների, որի արդյունքում 20-22 աշխատողներ այդ կենտրոնի ստացել են իրենց տեղեկատվական թերթիկներ:
Մի կողմից՝ հարցը նրանում է կայանում, որ ես գոնե Մշակույթի նախարարության կողմից չեմ լսել հանգամանորեն շարադրված ամբողջական տեղեկատվություն, թե նման կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ այդ կենտրոնի աշխատանքն ինչ նոր մեխանիզմներով պետք է արվի, երկրորդ, որն ինձ համար չափազանց մտահոգիչ է, որ Մշակույթի նախարարությունը զլանում է հանդիպել այդ աշխատակիցներին և բացատրել՝ ինչումն է խնդիրը: Ես, պարոն վարչապետ, խնդրում եմ, այդ մարդիկ գոնե արժանի են ուշադրության, հրավիրվելու, լսվելու ու հասկանալու՝ ինչքանով է դա հիմնավոր որոշում»,- հայտարարեց Ս. Ֆարմանյանը: