Բաժիններ՝

«Մենք դեռևս տեղում դոփո՞ւմ ենք, թե՞ ինչ-որ նոր բան է մտածում կառավարությունը». Էդմոն Մարուքյանի հարցը՝ փոխնախարարին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցով դիմեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանին. «ԵԱՀԿ-ն նաև պահանջել էր մարզային հեռուստաընկերությունների խնդիրը, որ նրանց հնարավորություն տրվի նաև թվային հեռարձակումով հանդես գալ: Ի՞նչ նորություն ունեք մարզային հեռուստաընկերությունների համար, ի՞նչ է սպասվում, արդյոք մենք դեռևս տեղում դոփո՞ւմ ենք, թե՞ ինչ-որ նոր բան է մտածում կառավարությունը»:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Խոսքը գնում է կոմերցիոն երկրորդ մուլտիպլեքսի ձևավորման և նրա շահագործման մասին, այդ մուլտիպլեքսի շրջանակներում հնարավոր կլինի ցանկացած քանակությամբ, ցանկացած հեռուստաալիքների տարածումն ապահովել, բայց սա կոմերցիոն մուլտիպլեքսի գաղափարն է, և ենթադրվում է, որ դրա համար վճարում պետք է լինի բաժանորդի կողմից»:

Է. Մարուքյանն էլ ասաց, որ ինքը սպասում էր, որ զեկուցողը կներկայացնի մասնավոր մուլտիպլեքսի հարցը. «Ես գիտեմ, որ արդեն երկրորդ անգամ է՝ մասնավոր մուլտիպլեքսի մրցույթը չի կայանում, մենք չենք կարողանում որևէ ընկերություն գտնել, որ կմասնակցի և մասնավոր մուլտիպլեքս կստեղծի, ու այս խնդիրն այդպես էլ չի լուծվում: Այն պայմանները, որ դրվել են մասնավոր մուլտիպլեքսի համար, ակնհայտ է, որ շահավետ չի լինելու որևէ ընկերության համար, որ այդ մրցույթին մասնակցեն: Ես կխնդրեի ճշտել այս տեղեկությունը, որ մեկ անգամ մասնավոր մուլտիպլեքսի մրցույթը չի կայացել, և հիմա երկրորդ անգամն է կառավարությունը էլի մրցույթ է հայտարարել, և էլի մրցույթը չի կայացել»:

Փոխնախարարը նախ ասաց, որ մի անգամ է եղել մրցույթ. «Ասեմ Ձեզ, որ մրցույթի կայացումը բոլորովին կապ չունի՝ օրենսդրական հիմքում ինչ պայմաններ են դրված:  Հիմնականում կոմերցիոն մուլտիպլեքսը կայանում է այն ժամանակ, երբ գոյություն ունի բովանդակություն, որը կարող են վաճառել և հասցնել դեպի բաժանորդը վճարովի հիմունքներով: Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա պատճառներից մեկը համապատասխան կոնտենտի բացակայությունն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս