Բաժիններ՝

«Հիշենք Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին… «Այ հա՜յ», էս ո՞ւր ենք հասել». Արարատ Միրզոյան

«Մի սարսափելի նորություն ունեմ հայտնելու ձեզ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ օրերս վարչական լծակների գործադրմամբ, Մշակույթի նախարարության հրահանգով՝ փակվել է Հովհաննես Թումանյանի թանգարանի կողմից բացված մի ցուցահանդես, որը կրում էր «Խավարում» խորագիրը և վերաբերում էր Խորհրդային Միության տարիներին բռնադատվածներին:

«Սա ուղղակի գրաքննություն է՝ իրականացված Մշակույթի  նախարարության կողմից, որը բացարձակապես ընդունելի չէ, սա չի կարող տեղ գտնել հայ իրականության պայմաններում: Ուշագրավ է, որ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, անդրադառնալով ցուցահանդեսի փակման պատճառներին, ասել է՝ «մենք պետք է պարզ երեսով նայենք մեր պատմությանը, ցուցահանդեսը մի փոքր քաղաքականացված էր»: Ի՞նչ է նշանակում՝ ցուցահանդեսը մի փոքր քաղաքականացված էր, ինչպե՞ս կարող է քաղաքականացված չլինել մի ցուցահանդես, որը նվիրված է բռնադատվածներին: Ո՞նց կարող է ընդհանրապես արվեստն ու մշակույթը քաղաքականացված չլինել, չէ՞ որ մշակույթի առաքելությունը հենց այդ է՝ վեր հանել սուր երևույթները, հարցադրումները, որոնք հասարակությանը առաջ պետք է տանեն:

Այս երևույթը տեղի է ունենում ՀՀԿ-ի օրոք, մի կուսակցություն, որի հիմնադրումը խարսխված է անկախականության, նժդեհականության գաղափարների վրա, հիշենք Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին: Ինձ մոտ այս  ասոցիացիան է առաջանում՝ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանը մի հատ ժեստ ունի, ասում է՝ «այ հա՜յ», էս ո՞ւր ենք հասել»,- հայտարարեց Ա. Միրզոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս