«Էս էլ հո Մալաթիայի շուկան չէ՞, որ մանիպուլյացիաների ենթարկեք». Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց ՀՀԿ-ականների՝ իրար փոխարեն քվեարկելու մասին

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 91 կողմ ձայնով վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը:

Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երեկ խոսեցինք, որ հրիմնավորումները չեն համապատասխանում Ազգային ժողովի գործող կանոնակարգին, բովանդակային առումով խնդիր չունենք, այս պահին կողմ կքվեարկենք, բայց ակնկալելով, որ հետագայում աշխատակարգին համապատասխան կներկայացվեն այդ համաձայանագրերը Ազգային ժողով»:

Մեկ այլ օրենքի նախագծի քվեարկության ժամանակ Ն. Փաշինյանը բարձրաձայնեց, որ ՀՀԿ-ական պատգամավորները այլ բացակա պատգամավորների փոխարեն են քվեարկում.

«Սիստեմատիկ կերպով ՀՀԿ-ի կենտրոնի յարուսի վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ քվեարկում են: Ես խնդրում եմ վերականգնել քվեարկության պատկերը, որից հետո Դուք՝ որպես ԱԺ նախագահ, պարտավոր եք պարզել՝ ով է քվեարկում ուրիշի փոխարեն ու կիրառել համապատասխան միջոցներ այդ պատգամավորների նկատմամբ»:

Ի պատասխան՝ Ա. Բաբլոյանն ասաց. «Խնդրում եմ իմ գործընկերներին չխախտել կարգը, և ամեն պատգամավոր քվեարկում է իր համար, ու իրավունք չունի քվեարկել որևէ ուրիշի համար: Եթե մենք ունենք պատգամավորներ, որոնք գործուղման մեջ են, նրանք իրավունք ունեն գրավոր թողնել համապատասխան փաստաթղթեր, ու մենք կարող ենք ընդունել նրանց ձայնը որպես քվեարկած: Այս կարգը խնդրում եմ չխախտել: Այսուհետ ես ուղղակ ուշադիր կլինեմ, մենք կպահպանենք պատկերը»:

Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Ա. Բաբլոյանը չկատարեց քվեարկության պատկերը վերականգնելու պահանջը, որը կանոնակարգով նախատեսված է. «Ի՞նչ է նշանակում բոլորիս առաջ, հանրության առաջ… Էս էլ հո Մալաթիայի շուկան չէ՞, որ մանիպուլյացիաների ենթարկեք»:

Ա. Բաբլոյանը խնդրեց քարտուղարությանը հստակեցնել՝ ովքեր են ներկա և ովքեր բացակա. «Կարծում եմ՝ այս պահին կարևոր է, որ մենք անդրադարձանք Ձեր կողմից բարձրացված հարցին, այսուհետ ուշադիր կլինենք: Չեմ կարծում, որ մեկ անգամվա վերականգնելն ունի այնքան նշանակություն, ինչքան որ մենք այսուհետ կարողանանք ճիշտ կազմակերպենք մեր աշխատանքը: Շնորհակալ եմ, որ մեզ հուշեցիք, որ մենք լինենք այս հարցի վերաբերյալ ավելի ուշադիր»:

Տեսանյութեր

Լրահոս