Իսկ ի՞նչ օգուտ բերեց Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Որքան մոտենում է նոյեմբերի 24-ը, երբ Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության համաժողովը, այնքան սաստկանում է Ռուսաստանի «պրեսինգը» մեր երկրի հանդեպ, քանի որ այդ համաժողովում նախատեսված է փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ: Դա շատ ավելի համեստ փաստաթուղթ է, քան Ասոցացման համաձայնագիրը, բայց ստորագրելու հեռանկարը, միեւնույն է, նյարդայնացնում է Ռուսաստանին:
Կրեմլում «թարս նայեցին» վրաց-ամերիկյան զորավարժություններին մեր մասնակցությանը, ինչպես նաեւ Երեւանում փողոցների վերանվանման շուրջ քննարկումներին: (Շատ վատ է, որ նման անհեթեթ խանդի դրսեւորումների հետ մենք պետք է հաշվի նստենք, բայց ես դեմ եմ կատաստրոֆիկ գնահատականներին՝ սա աշխարհի վերջը չէ): Նույն «սերիայից» է «ՌԻԱ-Նովոստիի» հոդվածը, որի հեղինակը «մուննաթ էր գալիս» Հայաստանի վրա, թե ինչու ենք մենք ուզում զենք գնել Չինաստանից:
Ճիշտ է, հետագայում այդ հոդվածը հանեցին կայքից՝ հավանաբար, իրենց լեզվով ասած, «պերեբոր» համարեցին: Դրան նաեւ ավելացնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանը «բարոյական աջակցություն» է հայտնել Ադրբեջանին «լվացքատուն» կոչվող արեւմտյան բացահայտումների հարցում՝ փաստացի հայտարարելով, որ կոռուպցիայի եւ «ատկատների» հարցում Ռուսաստանը Ադրբեջանի մեջքին սարի պես կանգնած է: Ճիշտ է, հանուն արդարության պետք է ասել, նման հարցերում Կրեմլը կանգնած է նաեւ մեր իշխանավորների մեջքին:
Այդ ամենն, իհարկե, խնդիր է, բայց այնպիսի խնդիր, որը պահանջում է հանգիստ, սառնասիրտ մոտեցում, բանակցություններ, ճկունություն, բայց ոչ՝ լացուկոծ կամ հիասթափված բացականչություններ:
Երբ մենք ասում ասում ենք, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին ոչ մի օգուտ չբերեց (որը ճիշտ է), ապա թույլ տվեք հարցնել, թե ի՞նչ օգուտ բերեց Ասոցացման համաձայնագիրը Ուկրաինային, Վրաստանին եւ Մոլդովային: Առանց վիզաների ռեժի՞մ: Դա, իհարկե, շատ հարմար բան է՝ Եվրոպա հանգստի գնալուց դեսպանատներում կամ, առավել եւս, այսպես կոչված «վիզաների կենտրոնում» հերթ չկանգնելը: Բայց կդժվարանայի ասել, որ դա որեւէ մեկի կյանքում ճակատագրական նշանակություն ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: