ԱԺ-ում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել. ովքեր են թաքնված բազմամիլիոնանոց չարաշահումների հետևում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտնի է պահվում: Օրերս աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական և ֆինանսական միջոցները:
Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը, ֆինասատնտեսագիտական և հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ:
Մեր տեղեկություններով՝ նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բազմամիլիոնանոց չարաշահումներ և յուրացումներ: Պատահական չէ, որ այս ամռանը, երբ պատգամավորները ցանկանում էին վերանորոգել իրենց սենյակները, աշխատակազմից նրանց պատասխանում էին, որ խորհրդարանի բյուջեն դատարկ է:
Այդ յուրացումները կատարվել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի օրոք՝ կա՛մ նրա թողտվությամբ, կա՛մ առանց նրա գիտության»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: