«Լապշինի գործով Ադրբեջանն ակնհայտորեն ձախողվել է». ԱՀ օմբուդսմեն
Ուրախ եմ, որ ազատությունից ապօրինի զրկված և դատապարտված մարդը կվերադառնա տուն։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սեպտեմբերի 11-ին ստորագրած հրամանագրի, ըստ որի ներում է շնորհվում Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
«Այդ ազատության գինը միայն դիրքորոշում փոխելու և ներողություն խնդրելու հարկադրանքն էր, թե մեկ այլ բան, այս պահին դժվար է ասել։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Բայց մի բան պարզ է. Լապշինի գործով Ադրբեջանը ակնհայտ նպատակ էր հետապնդում օտարերկրացիների դեպի Արցախ այցելությունները կրճատելու, Արցախի քաղաքացիների խնդիրների միջազգային լուսաբանումները սահմանափակելու, որը նույնքան ակնհայտորեն ձախողվել է։ Ավելին, թե՛ մեր Սփյուռքը և թե՛ միջազգային իրավապաշտպան հանրության առավել սկզբունքային հատվածը նոր խթան են ստացել Արցախում առավել ակտիվ գործելու համար».- նշել է Ռ.Մելիքյանը։