Բաժիններ՝

Հավանայում շարունակվում է «Իրմա» փոթորկի առաջացրած ջրհեղեղը

«Իրմա» ավերիչ փոթորիկն արդեն մոլեգնում է Ֆլորիդայում, սակայն Կուբայի մայրաքաղաքում շարունակվում է դրա առաջացրած սաստիկ հեղեղումը: Ջրի տակ են անցել Հավանայի Մալեկոն հռչակավոր առափնյակը և ափի գծի երկայնքով շատ փողոցներ: Օդերևութաբանների խոսքով՝ սեպտեմբերի 9-ին սրընթաց քաղաքի վրա է շարժվել մինչև 11 մետր բարձրությամբ ալիքների հորձանքը, ջուրը կես կիլոմետրից ավելի լցվել է Հավանայի խորքերը:

Որոշ շրջաններում, օրինակ՝ կենտրոնական Վեդադոյում, մարդիկ շարժվում են մինչև գոտկատեղերը կամ նույնսիկ մինչև կրծքները հասնող ջրի միջով: Փողոցներում լողում են ավտոմոբիլներ, կահույք, տանիքածածկի բեկորներ: Հավանացիներից ոմանք քաղաքում տեղաշարժվում են ինքնաշեն մակույկներով: Քաղաքի մեծ մասն արդեն մեկ օրից ավելի է, ինչ հոսանքազրկված է: Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն կարգադրել է բոլոր ուժերը գործի դնել էլեկտրահաղորդման կտրված գծերի վերականգնման համար:

Տարերքը շատ լուրջ վնաս է հասցրել կղզի-պետությանը, որի գումարը դեռ պետք է հաշվեն: Բայց այն միջոցների շնորհիվ, որոնք երկրում ձեռնարկվել են մինչևւ փոթորկի գալը, նախնական տվյալներով՝ զոհերից հաջողվել է խուսափել: «Իրմայի» մոտենալու պատճառով Կուբայում ընդհանուր առմամբ տարահանվել էր ավելի քան մեկ միլիոն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս