«Դուք պետք է իմանաք, որ էդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին». Գագիկ Ծառուկյան
«Ես ուզում եմ «եթե»-ով հարցերին չպատասխանեմ: Երբ համապատասխան Հանրապետական կուսակցությունն իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այն ժամանակ կասենք: Ուրեմն, համապատասխան դուք պետք է իմանաք, որ էդ իրավունքը տրված է ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1, և որոշողն ու առաջարկողն իրենք են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյան դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը ցանկալի՞ է որպես վարչապետի թեկնածու:
Ըստ նրա` վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին իրենք չպետք է տեսնեն կամ չտեսնեն, այլ ՀՀԿ-ն է որոշողը, իսկ իրենք դեռ չեն քննարկել այդ հարցը:
Հարցին, որ եթե ՀՀԿ-ն որոշի, որ նա է վարչապետի թեկնածուն, նա չի՞ խոչընդոտի, դաշինքի Ծառուկյանը պատասխանեց. «Խոչընդոտները պետք է լինեին ժողովուրդը, եթե մեր ժողովուրդն իր ձայնով գնացել է 50+1 տոկոսը տվել է ՀՀԿ-ին, հենց ՀՀԿ-ն էլ պատասխանատու է երկրի, ժողովրդի անվտանգության համար: Ես համապատասխան քարոզարշավի ժամանակ մեր ժողովրդին ներկայացրել էի՝ ժողովուրդ ջան հավաքվելով ու ասելով՝ Ծառուկյան փրկի, ես ասել եմ՝ ձեր ցավը տանեմ, տվեք փրկեմ: Ասում եմ խնդիրները, լուծումները, 15 կետերը, ծրագրերը, որ համակարգ փոխվի, մարդիկ փոխվեն, ասում էի ներդրումների բերման աղբյուրը: Ասում էին՝ Ծառուկյանը բլեֆ է արել: Համապատասխան մարդը հելավ հեռուստացույցի մոտ ասեց, որ՝ մենք պատրաստ ենք Ծառուկյանի ծրագիրն իրականություն դարձնենք»:
«Եթե օրենքի շրջանակներում ժողովուրդն ընդվզող էր, թող այն ժամանակ ձայնը տար ում հավատում էր: Հավատացել են, տվել են… Ամենակարևորն այսօր պարոն Ծառուկյանն այնքան քաղաքական փորձ ունի, որ ցանկացած հարցի լիարժեք ձեր պատասխանները տալու է»,- հավելեց Ծառուկյանը: