Գոռը միշտ ասում էր` հայ ոստիկանների կյանքին մեռնեմ ու իրենց ձեռքով էլ սպանվեց. ընկերուհուն պատանդ վերցրած երիտասարդի մայրը մանրամասներ է պատմում. armlur.am
Armlur.am-ը գրում է. Երևանում երիտասարդ աղջկան պատանդ վերցրած Գոռ Հակոբյանի ծնողները Հայաստան են եկել դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո: Կայքը զրուցել է Գոռ Հակոբյանի մոր` տիկին Հասմիկի հետ, ով անդրադարձավ որդու մասին տարբեր հրապարակումներին:
«Միայն մի բան գիտեմ` իմ երեխան գնաց. ինչ էլ որ խոսենք, իրան չենք փրկի: Չարախոսները սուտ բաներ են խոսում՝ առանց հասկանալու»,- նշել է նա:
Գոռ Հակոբյանի մայրը պատմել է, որ տղան ԱՄՆ-ից Հայաստան է եկել մոտ վեց ամիս առաջ, երբ նրան արտաքսել են ԱՄՆ-ի բանտից:
«Երբ ինքը եկավ, մենք մեկ ամիս հետո եկանք, որ իրան շոր բերենք, տեղավորենք: Ինքն ԱՄՆ-ում քոլեջ էր գնում, այստեղ պատրաստվում էր Ամերիկյան համալսարան դիմել, շատ էր սիրում սովորել»,- հավելել է մայրը:
Նա հերքել է, թե իր տղան թմրամիջոցների առուվաճառքով է զբաղվել:
«Ինքն ամեն օր ինձանից փող էր խնդրում: Ես այդպես թմրանյութերի առուվաճառքով զբաղվող առաջին անգամ եմ տեսնում, որ ինքն իր ծնողներից էր փող խնդրում: Եթե նա զբաղվեր նման գործով, ապա պետք է լիներ միլիոնատեր, բայց ինքը մինչև վերջին րոպեն ինձանից փող էր ուզել, ու ես ամբողջ ինֆորմացիան ունեմ, թե որ օրը ինչքան փող եմ ուղարկել»,– հավելել է նա:
Տիկին Հասմիկը նշել է, որ Գոռը պատանդառված աղջկա մասին իրենց շատ բաներ չի պատմել, միայն ասել է, թե ընկերուհի ունի:
«Դե ինքը շատ էր ընկերուհիներ ունենում, միշտ փոփոխում էր, սա էլ վերջինն էր: Մենք որ գնացինք, ինքը դրանից հետո է ծանոթացել այդ աղջկա հետ: Այդ աղջկան չեմ տեսել, բայց տարբեր բաներ եմ լսել, չգիտեմ՝ մարդիկ ճիշտ են խոսում, թե ոչ: Բայց տարբեր լուրեր են տարածվել, թե ինքը ոստիկանության հետ է աշխատում, դեղերի, պատմությունների մեջ է: Էնքան աղջիկներ են եղել, իր համար մեկ էր՝ թե ով կլիներ իր կողքին», – ասել է Գոռի մայրը:
Գոռ Հակոբյանի մայրը շատ վրդովված էր ոստիկանության գործողություններից և վստահ էր, որ կարող էին այնպես կրակել, որ իր որդին չմահանար:
«Ամեն տեսակի մեթոդ գոյություն ունի: Ասում էին՝ ինքն արդեն ուզում էր սպանել, եթե այդպիսի բան էր ցանկանում անել, ուրիշ բանով խփեիք, քնացնեիք, գազ փչեիք: Իրա ձեռքում դանակ էր, ոչ թե զենք, ոստիկանները կարող էին այլ միջոցների դիմեին, ե՞ս պետք է իրենց բացատրեմ, թե ինչ կարող էին անել: Փաստորեն իմ տղայի կյանքը խլեցին՝ ուրիշի կյանքը փրկելու համար: Կյանքը կյանքի դեմ, ինչ տարբերություն իրենց համար, ընդհակառակը, տղային կարող էին ուղարկել սահման, որ պաշտպանեին», – հավելեց նա:
Տիկին Հասմիկը նշեց, թե ի սկզբանե շատ ուրախ է եղել, որ Հայաստան են եկել, այստեղ ոստիկաններն ուրիշ էին և միշտ կրկնել է` հայ ոստիկանների կյանքին մեռնեմ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում