Սի Ցզինպինը և Մակրոնը քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Կորեական թերակղզու իրադրությունը: Այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Չինաստանի ղեկավարն ընդգծել է, որ Կորեական թերակղզու խնդրի լուծումը կարող է գտնվել միայն երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով: Նա նաեւ այն բանի հույս է հայտնել, որ Ֆրանսիան, լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կառուցողական դեր կխաղա իրադրության մեղմացման գործում:
Մակրոնն իր հերթին հավաստիացրել է, որ Ֆրանսիան բոլոր ուժերը կներդնի Կորեական թերակղզու խաղաղությունն ու կայունությունը պաշտպանելու համար եւ կարեւոր նշանակություն է տալիս այն դերին, որը Չինաստանը խաղում է Կորեական թերակղզու խնդիրը լուծելու գործում:
Ավելի վաղ Չինաստանի ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որոնց հետ նույնպես կարծիքներ է փոխանակել Կորեական թերակղզու իրադրության շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: