Հանդիպումներից հետո ականատես կլինենք կոռուպցիոն գործերով աղմկահարույց ձերբակալությունների. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ Հայաստանում վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որեւէ նիստ չէր գումարում, անգամ մոռացել էինք այդ կառույցի մասին։ Բայց օգոստոսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկեց հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին։
Ընդ որում, դեսպանը հատուկ շեշտել էր, որ իրենք ջանում են հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ուղիներ փնտրել, ու հաջորդ օրն իսկ տեղի ունեցավ հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստը։ Մինչ իշխանությունները կփորձեն համոզել, թե սա սոսկ զուգադիպություն էր, հակադարձենք. չենք հավատում։ Քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում։ Այս ամենը հիշեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ֆոնին։
Նրանց քննարկումների առանցքային թեման եւս եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, եւ դեսպանը հավաստիացրել է, որ պատրաստակամ են շարունակելու աջակցությունն այդ ոլորտին։ Ամենայն հավանականությամբ, այս կամ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո ականատես կլինենք կոռուպցիոն գործերով աղմկահարույց ձերբակալությունների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: