Ճոյտի մուլտերում ԲՀԿ-ականները կհայտնվեն «ունիտազում». «ՀԺ»
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մուլտֆիլմեր է նկարում ԱԺ «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության այն պատգամավորների մասին, որոնք կշեղվեն «Ծառուկյան» դաշինքի ծրագրերից: Armtimes.com-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններում հաջողություն չարձանագրած Հակոբյանն ասաց, որ մուլտֆիլմերի հիմնական մասը պատրաստ է, մնում է ծրագրերից շեղված պատգամավորների նկարներն ավելացվի:
– Պարոն Հակոբյան, ճի՞շտ է, որ քաղաքական մուլֆիլմեր եք նկարահանում:
– Այո, այո: Այն քաղաքական գործիչները, որոնք կշեղվեն իրենց ծրագրերից, իրենց խոստացած ծրագրերից, որոնցով հանդես են եկել ժողովրդի առաջ, այդտեղ մենք կփորձենք իրենց դնել իրենց իրական տեղը՝ քաղաքական տարբեր ձեւերով: Օրենքով սահմանված կարգով: Մուլտիկներով մենք պետք է ցույց տանք, որ այդ քաղաքական գործիչը շեղվել է իր ծրագրերից եւ իր սեփական ժողովրդին խաբել է, կամ ծրագրերը հայտնել է, եւ դրանց ուշադրություն չի դարձնում:
– Արդեն կա՞ն նկարված մուլտֆիլմեր:
– Այո, նկարված ունենք, մտածում ենք, որ կարող է լեզվի սայթաքում է տեղի ունեցել կամ մարդիկ քաղաքականապես հասուն չեն եղել եւ չեն հասկացել: Մենք կփորձենք հասկացնել, որ եթե չհասկանա, ապա այդ մարդկանց կսարքենք խեղկատակներ:
– Կա՞ կոնկրետ անհատ, որի մասին արդեն նկարել եք:
– Մենք արդեն ամբողջը պատրաստել ենք, բայց պետք է դնենք պատգամավորի գլուխը: Այն պատգամավորի, որը կշեղվի իրենց ծրագրերից: Դեմքի նկարը, գլուխը կլինի նապաստակի վրա, իսկ այդ նապաստակին մենք գործողություն ենք անելու, որը հասարակությունը կտեսնի:
– Եթե «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը թերանա, կհայտնվի՞ այդ մուլտֆիլմում:
– Պարոն Ծառուկյանը թերացում չունի եւ չի կարող ունենալ: Ես միանգամից կարող եմ պատասխանել, քանի որ բոլոր ծրագրերի հիմնական կրողը եւ ծրագրերի վրա աշխատած մարդը, եւ այն ծրագրերը, որոնք կյանքի չեն կոչվում, ամենաշատը վատ է զգում հենց Ծառուկյանը: Մեր հանդիպումների ժամանակ երեւում է, թե ինչպիսի ցանկություն ունի ինքն այդ ծրագրերն իրականացնելու հարցում: Այսօրվա վիճակով ինքը շատ ծանր է տանում այդ ամենը:
– Ոնց հասկանում ենք, հիմնականում կենդանական կերպարներով են լինելու մուլտերը:
– Այո, հիմնականում նապաստակն է, մենք այդ նապաստակին գցում ենք զուգարանակոնքի մեջ եւ ջուրը քաշելու ենք: Ուղարկում ենք քաղաքական կոյուղի: Ձեռքով բռնելու ենք, ջուրը լցնենք ու քաշի տանի, որ հասարակությունն իմանա, թե այդ մարդը որտեղ է գտնվում, այն մարդը, որը շեղվել է իր ծրագրերից, խոստումներից:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: