Մակրոնը կայցելի Ֆրանսիայի՝ «Իրմա» փոթորկից տուժած անդրծովյան շրջաններ. BFMTV
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հենց որ հնարավոր լինի, կուղեւորվի երկրի անդրծովյան այն տարածքներ, որոնք տուժել են «Իրմա» փոթորկից: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։
Նախօրյակին երեկոյան Մակրոնը հայտարարել է, որ դեռեւս հնարավոր չէ գնահատական տալ ավերածություններին, սակայն արդեն կարելի է ասել, որ լուրջ վնաս է հասցվել եւ «պետք է սգալ զոհվածների կորուստը»:
Սեպտեմբերի 6-ին «Իրմա» փոթորիկը մոլեգնել է Սեն-Բարտելեմի եւ Սեն Մարտեն անդրծովյան հանրակցություններում, որոնք մտնում են Գվադելուպայի՝ Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտի կազմի մեջ:
Փոթորկի հետեւանքով ֆրանսիական անդրծովյան տարածքները մնացել են առանց էլեկտրականության: Հաղորդվել է հեղեղումների եւ զգալի ավերածությունների մասին՝ արմատախիլ են եղել ծառեր, շինությունները զրկվել են տանիքներից, լրջորեն տուժել են ենթակառուցվածքի օբյեկտները:
Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում փոթորկի զոհ է դարձել առնվազն ութ մարդ, եւս 23 հոգի վերքեր են ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: