Կատալոնիայի կառավարության ղեկավարն ստորագրեց հանրաքվեի անցկացման դեկրետը
Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլոս Պուչդեմոնը եւ Ժեներալիտետի մյուս անդամները սեպտեմբերի 6-ի երեկոյան ստորագրել են դեկրետ հոկտեմբերի 1-ին Իսպանիայից ինքնավար մարզի անկախության հանրաքվե անցկացնելու մասին։
Սեպտեմբերի 6-ին ավելի վաղ Պուչդեմոնն ստորագրել է մի այլ փաստաթուղթ՝ օրենք հանրաքվեի մասին, որն ընդունել է Կատալոնիայի խորհրդարանը: Այս օրենքը Սահմանադրական դատարանում կվիճարկի վարչապետ Մարիանո Ռախոյը, նա արդեն պահանջել է Պետական խորհրդի համապատասխան եզրակացությունը:
Հանրաքվեի մասին օրենքն ընդունվել է երկու՝ «Միասին հանուն այո ասելու» եւ «Ժողովրդական միասնության թեկնածուներ» կուսակցությունների պատգամավորների ձայներով, որոնք բացարձակ մեծամասնություն ունեն Կատալոնիայի խորհրդարանում (72 պատգամավոր 135-ից): Տասնմեկ պատգամավոր ձեռնպահ է մնացել: Ընդամենը քվեարկությանը մասնակցել է 83 պատգամավոր: Ժողովրդական կուսակցության, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության եւ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցության պատգամավորները քվեարկությունից առաջ լքել են նիստերի դահլիճը: Նրանք մտադիր են դիմել Սահմանադրական դատարան եւ գանգատարկել օրենքի ընդունումը:
Հարցը, որը Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին ներկայացնել հանրաքվեի, հնչում է այսպես. «Դուք ցանկանու՞մ եք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով»:
Ինքնավար մարզի իշխանությունների կարծիքով՝ հանրաքվեի մասին օրենքը կունենա «ամենաբարձր իրավաբանական ուժը» մնացած բոլոր օրենքների եւ նորմատիվ ակտերի նկատմամբ, որոնք կհակասեն դրան: Դրանում, մասնավորապես, ասված է, որ հանրաքվեի արդյունքները կիրագործվեն դրանց հայտարարումից 48 ժամ անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: