«Արքայազն Հարրին և ես սիրում ենք իրար, մենք զույգ ենք». Մեգան Մարքլ
Դերասանուհի Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ պատմել է արքայազն Հարրիի նկատմամբ իր սիրո մասին, նշելով. «Անձամբ ինձ դուր է գալիս մեծ սիրո պատմությունը», տեղեկացնում է BBC-ին:
«Ֆորս-մաժորներ» ամերիկյան հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկը Vanity Fair հանդեսին պատմել է, որ Հարրիի հետ միասին իրենք վայելում են «յուրահատուկ» ժամանակը:
«Մենք իրապես երջանիկ ենք եւ սիրահարված ենք միմյանց»,- ասել է 36-ամյա հեռուստաաստղը:
Մարքլը պատմում է, որ Հարրիի հետ իր հարաբերություններն սկսվել են 2016 թվականի հուլիսին՝ այն բանից կես տարի առաջ, երբ այդ մասին հայտնի դարձավ լայն հանրությանը:
Մամուլի անտանելի հետաքրքրությունն ու պապարացցիները արքայազնին հարկադրեցին հանդես գալ հայտարարությամբ, որում նա լրագրողներին մեղադրեց Մարքլին հետապնդելու մեջ:
Մեգան Մարքլը Vanity Fair-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ մամուլի չափազանց մեծ ուշադրությունն ավելացնում է խնդիրները:
«Զարմանալի է՝ ինչպես է ամեն ինչ փոխվեց հենց սկզբից,-պատմել է դերասանուհին:-Բայց ինձ աջակցում են մտերիմ մարդիկ եւ, իհարկե, իմ ընկերը»:
Մարքլը պնդում է, թե չի կարդում ո՛չ իր դերերի, ո՛չ իր անձնական կյանքի մասին հոդվածները: «Մարդիկ, ովքեր իմ կողքին են, գիտեն, թե ինչպիսին եմ ես իրականում, իսկ մնացած ամեն ինչն աղմուկ է»:
Մարքլը գիտակցում է, որ որքան խորանան Հարրիի հետ իրենց հարաբերությունները, այքան ավելի մեծ ուշադրություն են դրանք գրավելու:
«Մենք զույգ ենք,-հայտարարել է դերասանուհին:-Մենք սիրում ենք իրար: Ես վստահ եմ, որ կգա մի ժամանակ, երբ մեզ հարկ կլինի արտահայտվել եւ պատմել մեր ու մեր հարաբերությունների մասին, բայց ես հույս ունեմ, որ մարդիկ կհասկանան, որ սա «մեր» ժամանակն է: Մենք պարզապես երջանիկ ենք, իսկ անձամբ ես պաշտում եմ մեծ սիրո պատմությունը»: