Մյանմայի քաղաքական առաջնորդը հայտարարել է Ռաքհայնի իրադրության շուրջ ապատեղեկատվության մասին
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը երկրի փաստական քաղաքական ղեկավարն է, Ռաքհայնի նահանգում ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկնաբանել է իրադրությունը՝ հայտարարելով հանրապետությում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «համատարած ապատեղեկատվության» մասին։
Աուն Սան Սու Չժիի մեկնաբանությունները Fasebook-ում պետական խորհրդականի պաշտոնական էջում սեպտեմբերի 6-ին հրապարակվել են Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցից հետո:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարությանը տրամադրվել են «մեծ քանակությամբ կեղծված լուսանկարներ, որոնք արվել են Բիրմայի (Մյանմայի նախկին անվանումը) սահմաններից դուրս»: «Դա ապատեղեկատվության հսկայական այսբերգի գագաթն է, որը հույս ուներ տարբեր հանրակցությունների միջեւ խնդիրներ ստեղծել ահաբեկիչների շահերին աջակցելու նպատակով»,-ասված է Մյանմայի պետական խորհրդականի անունից արված հաղորդագրության մեջ:
Աուն Սան Սու Չժին նաեւ հայտնել է «ամբողջ աշխարհի բարեկամների հետ համագործակցելու մտադրությունը, որպեսզի ահաբեկչությանը թույլ չտրվի արմատներ ձգել Մյանմայում»: «Մենք հետեւում ենք այն բանին, որ մեր երկրի բոլոր մարդիկ իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն ունենան»,- նշել է նա: Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, շարժում, որը հանրապետության իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Մյանմայի արեւմուտքում ընդհարումների զոհերի թիվը գերազանցել է 400-ը: Սպանվածների մեծ մասը ռոհինջա-զինյալներ են:
ՄԱԿ-ի՝ Փախստականների գործերի գլխավոր կոմիսարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Դանյա Ասլամ Խանը սեպտեմբերի 5-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո Մյանմայից ավելի քան 120 հազար մարդ է փախել Բանգելադեշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: