Մյանմայից փախստականների 80 տոկոսը կանայք ու երեխաներ են. ՅՈՒՆԻՍԵՖ
Վերջին օրերի ընթացքում Բանգլադեշից Մյանմա փախած ռոհինջա մուսուլմանների մինչեւ 80 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հայտնել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Օգոստոսի 25-ից ավելի քան 125 հազար ռոհինջա փախստականներ են հատել Բանգլադեշի հետ սահմանը, նրանց մինչեւ 80 տոկոսը կազմում են կանայք ու երեխաները: Բազմաթիվ այլ երեխաներ, որոնք աջակցության ու պաշտպանության կարիք ունեն, մնում են Ռաքհայնի նահանգի հյուսիսում, որը բռնությունների ասպարեզ է դարձել»,-ասված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի գրավոր հայտարարության մեջ:
Նա հայտնել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ստիպված էր աշխատանքը դադարեցնել Ռաքհայնի նահանգի հյուսիսային շրջաններում, բայց ակտիվացնում է ջանքերը Բանգլադեշ ժամանած ռոհինջա երեխաներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Նրանց ապահովում են մաքուր ջրով, սննդամթերքով եւ հիգիենայի պարագաներով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը սեպտեմբերի 5-ին խորը անհանգստություն է հայտնել տարածաշրջանի իրադրության կապակցությամբ՝ Մյանմայի իշխանություններին կոչ անելով քաղաքացիություն կամ իրավական այլ կարգավիճակ տրամադրել ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչներին: