Եմենում խոլերայով կարող է վարակված լինել ավելի քան 600 հազար մարդ. ԱՀԿ
Եմենում խոլերայի համաճարակից կարող է վարակված լինել ավելի քան 600 հազար մարդ, հիվանդացածների թիվն օրեցօր աճում է: Այդ մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ): ԱՀԿ-ի տվյալներով՝ խոլերայով հիվանդանալու կասկածանքների քանակն այս տարվա ապրիլին համաճարակի սկսվելուց ի վեր կազմել է 612 հազար 703, 2048 մարդ մահացել է հիվանդությունից:
Հիվանդացածների թիվը շարունակում է աճել՝ օրական ավելանալով 3 հազարով, սակայն ամբողջությամբ վերցված երկրում հիվանդության տարածման մակարդակը նվազում է:
ԱՀԿ-ում նշում են, որ Եմենում ներկայիս համաճարակն ամենախոշորն է աշխարհում եւ արագորեն է տարածվում բժշկական ենթակառուցվածքի գրեթե լիակատար քայքայման, հիգիենայի եւ մաքուր ջրի բացակայության պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: