Հայտնի են դարձել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի մանրամասները
Ջեյմս Բոնդի մասին կինոպատումի նոր մասի վրա աշխատող նկարահանող խմբին մոտ կանգնած մի աղբյուր հայտնել է կինոնկարի սյուժեի մանրամասները: Այս մասին հայտնել է New York Post-ը:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ բոնդապատումի հերթական ֆիլմում հատուկ գործակալը որոշում է հեռանալ հանգստի. «Բոնդը հեռանում է գաղտնի ծառայությունից, սիրահարվում է եւ ամուսնանում: Այնուհետեւ նրա կնոջն սպանում են»: Նա հավելել է, որ կնոջ մահը գլխավոր հերոսին հարկադրում է վերադառնալ իր նախկին զբաղմունքին, որպեսզի վրեժ լուծի մարդասպանից:
Աղբյուրը նշել է, որ կինոնկարի աշխատանքային անվանումն է «Բոնդ 25»: Օգոստոսին բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, որը խաղացել է բրիտանական MI6 հետախուզության հատուկ գործակալի դերը Ջեյմս Բոնդի մասին կինոպատումի վերջին չորս կինոժապավեններում, հայտարարել է, որ այդ դերին կվերադառնա հինգերորդ անգամ: Հուլիսին հաղորդվել էր, որ ֆիլմն էկրաններ կբարձրանա 2019 թվականի նոյեմբերի 8-ին: